Логотип

Եմենի հութիների առաջնորդ․ Մեր մատները ձգանի վրա են՝ ի պաշտպանություն Իրանի

Եմենի հութիների «Անսար Ալլահի» առաջնորդ Սեյեդ Աբդուլ-Մալիք ալ-Հուսին հինգշաբթի հայտարարել է, որ իր ուժերը պատրաստ են միջամտել՝ ի պաշտպանություն Իրանի, նախազգուշացնելով, որ եթե իրավիճակը պահանջի, Եմենը պատրաստ է գործել, հաղորդում է Al Mayadеen-ը։

Դիմելով Իրանի Իսլամական Հանրապետության եղբայրներին՝ Սեյեդ ալ-Հութին ասել է. «Մեր մատները ձգանի վրա են, և անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք միջամտել»։

Նա Միացյալ Նահանգների և Իսրայելի առաջնորդներին մեղադրել է Արևմտյան Ասիան «Մեծ Իսրայել» նախագծի օգտին վերակազմակերպելու ծրագրերի բացահայտ քննարկման մեջ։

Եմենի հութի ապստամբների առաջնորդը հայտարարել է, որ իսլամական աշխարհը ներկայում հանձին ամերիկացիների, Իսրայելի և տարածաշրջանում գերիշխող այլ համաշխարհային տերությունների բախվում է «դարաշրջանի բռնակալների» հետ։

Ըստ նրա՝ այդ ուժերը ձգտում են վերահսկել մահմեդական աշխարհը, զրկել նրան իր իրավունքներից և նրա հողերը օտարերկրյա տերությունների ավար դարձնել։

«Անսար Ալլահի» առաջնորդը միաժամանակ դատապարտել է Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունը։

Նա ընդգծել է, որ Սեյեդ Ալի Խամենեիի մահը չի հանգեցնի Իրանի Իսլամական Հանրապետության փլուզմանը՝ հայտարարելով, որ Թեհրանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը մնում է ուժեղ։ Սեյեդ ալ-Հութին մերժել է նաև դիվանագիտության կամ միջազգային ինստիտուտների օգտագործումը Արևմուտքի և Իսրայելի հետ դիմակայելու համար։

 «Մենք կանգնած ենք Իրանի և նրա մահմեդական ժողովրդի կողքին և պատրաստ ենք ցանկացած պահի միջամտել»,- ասել է նա։

«Անսար Ալլահի» առաջնորդը քննադատել է նաև որոշ տարածաշրջանային կառավարությունների՝ ամերիկյան բազաների վրա Իրանի հարձակումները դատապարտելու համար՝ շեշտելով, որ որոշ ռեժիմներ «հակված են պաշտպանել ամերիկյան և իսրայելական ռազմական օբյեկտները»։

Իր եզրափակիչ ելույթում Սեյեդ ալ-Հութին ուրբաթ օրը զանգվածային ցույցերի կոչ է արել՝ միլիոնավոր մարդկանց հորդորելով միավորվելու՝ ի նշան Իրանի և տարածաշրջանի ժողովուրդների հետ համերաշխության։

News.am