Միացյալ Նահանգները չի ծրագրում հարվածներ հասցնել Իրանի նավթային արդյունաբերությանը կամ էներգետիկ ենթակառուցվածքի այլ օբյեկտների, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Ըստ Ռայթի, ԻԻՀ նավթային օբյեկտներին հարվածներ է հասցնում Իսրայելը։
«Իրանի նավթային, գազային արդյունաբերությանը կամ էներգետիկ արդյունաբերության հետ կապված որևէ բանի հարվածելու պլաններ չկան։ Դրանք իսրայելական հարվածներ են։ Դրանք Թեհրանի այդ շրջանում բենզինի բաքերի լիցքավորման համար նախատեսված վառելիքի տեղական պահեստներ են։ ԱՄՆ-ն որևէ էներգետիկ ենթակառուցվածք չի թիրախավորել»,- ասել է ամերիկացի նախարարը։
Միևնույն ժամանակ Ռայթն ընդունել է, որ իրանական նավթապահեստներին իսրայելական հարվածները «ազդել են օդի որակի վրա»։
Սակայն, նրա կարծիքով, «Թեհրանում օդի ցածր որակով մի քանի օրը ոչինչ է այն ամենի համեմատ, ինչից տուժել է իրանցի ժողովուրդը ռեժիմի օրոք»։
Նշենք, որ Իրանում նավթապահեստներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Թեհրանում «սև անձրև» է տեղացել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են օդի որակի կտրուկ վատթարացման մասին և հրապարակում հարվածների հետևանքների սարսափազդու կադրեր։
News.am
