Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է իրանցի գործընկերոջ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած զրույցի մասին։
«Զրուցել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նրան տեղեկացրել եմ, որ ներկայումս Ֆրանսիայի դեսպանատան տարածքում գտնվող Սեսիլ Քոլերի և Ժակ Փարիսի անվտանգությունն ու վերադարձը Ֆրանսիա մեզ համար բացարձակ առաջնահերթություն են», – նշել է Մակրոնը։
Ըստ Ֆրանսիայի նախագահի, ինքն ընդգծել է նաև տարածաշրջանի երկրներին հասցվող հարվածներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Իրանը նաև պետք է երաշխավորի նավագնացության ազատությունը՝ վերջ դնելով Հորմուզի նեղուցի փաստացի փակմանը։ Ի վերջո, ես վերահաստատել եմ մեր լուրջ մտահոգությունն Իրանի միջուկային ու բալիստիկ ծրագրերի զարգացման և տարածաշրջանում նրա ողջ ապակայունացնող գործունեության կապակցությամբ, որն ընկած է ներկայիս ճգնաժամի հիմքում։ Այս կարևորագույն խնդիրների լուծման, էսկալացիայի դադարեցման և խաղաղության պահպանման համար դիվանագիտական լուծումն առավել քան երբևէ անհրաժեշտ է։ Պայմանավորվել ենք պահպանել կապը», – եզրափակել է Մակրոնը։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի մեկնարկից և դրան հաջորդած պատասխան գործողություններից հետո Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցը։
Պարսից ծոցի երկրները բախվել են վառելիք արտահանելու անհնարինությանը՝ տարածաշրջանում ռազմական հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով։
News.am
