Ադրբեջանը Իրանի հետ սահմանին վերականգնել է բեռնափոխադրումները, որոնք դադարեցվել էին Նախիջևանում անօդաչուների ընկնելուց հետո։ Որոշումը կայացվել է նախագահներ Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
Մարտի 9-ի առավոտից վերականգնվել է բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը, այդ թվում՝ երկկողմանի և տարանցիկ փոխադրումները, հայտարարել է երկրի կառավարությունը։
Մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։
Ալիևը հայտարարել է բանակը լիարժեք մարտական պատրաստության ռեժիմի բերելու մասին։ Բաքուն Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ և Իրանի դեսպանին կանչել է բացատրությունների համար: Միաժամանակ Ալիևը նշել է, որ Բաքուն չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել Իրանի հետ:
Իրանի ԱԳՆ–ն հերքել է Թեհրանի մասնակցությունն այդ միջադեպին։
Sputnik Արմենիա
