Ուկրաինան որսիչ-անօդաչուներ և ԱԹՍ-ների գծով փորձագետների խումբ է ուղարկել Հորդանան՝ ամերիկյան ռազմաբազաների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն օգնության խնդրանքով դիմել է հինգշաբթի օրը և ուկրաինական խումբը մեկնել է արդեն հաջորդ օրը։
«Մենք անմիջապես արձագանքել ենք։ Ես ասացի՝ այո՛, իհարկե, մենք կուղարկենք մեր փորձագետներին», — ուրբաթ երեկոյան նշել է Ուկրաինայի նախագահը։
Սպիտակ տունը դեռևս չի պատասխանել պարբերականի հարցմանն այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտոնապես դիմել է Ուկրաինային օգնության համար։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը ռիսկեր է ստեղծում համաշխարհային հանրության ուշադրությունը ուկրաինական հակամարտությունից շեղելու համար, մեկնաբանում է New York Times-ը։ Միևնույն ժամանակ, սա Կիևին հնարավորություն է տվել իր ձեռք բերած փորձն ու առաջադեմ տեխնոլոգիաները կիրառել նոր ռազմաճակատում։
Ուկրաինան օգնություն է առաջարկել ամերիկյան զորքերին և նրանց մերձավորարևելյան դաշնակիցներին՝ իրանական հարվածային անօդաչուներից պաշտպանվելու համար։ Ռուսաստանը տարիներ շարունակ դրանք կիրառում է Ուկրաինայի դեմ։
«Կիևը հույս ունի «միավորներ վաստակել» ԱՄՆ միջնորդությամբ ընթացող խաղաղության բանակցություններում։ Հարաբերությունները մնում են լարված. հինգշաբթի օրը նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ճանապարհին ավելի մեծ խոչընդոտ է համարում Զելենսկուն, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին», — գրում է պարբերականը։
Ամերիկյան պաշտոնական անձինք ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում Իրանին հետախուզական տվյալներ է տրամադրել, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ամերիկյան ռազմանավերի և զինծառայողների տեղակայման վայրերը։ Զելենսկին հայտարարել է, որ ինքը ևս տեսել է հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Իրանի կողմից կիրառվող ԱԹՍ-ներն ունեն ռուսական բաղադրիչներ։ New York Times-ը չի կարողացել հաստատել այս պնդումը։
Ուկրաինայի առաջնորդը պարբերականին հայտնել է, որ ցանկանում է օգնել Մերձավոր Արևելքի երկրներին, սակայն պետք է նաև հավասարակշռի այդ հարցումները Ուկրաինայի ներքին կարիքների հետ։
Իրանում պատերազմը կարող է կասեցնել պաշտպանական սպառազինության մատակարարման հոսքերը, որոնց կարիքն Ուկրաինան զգում է։ Կիևն առաջարկել է փոխանակել իր որսիչ-անօդաչուները ավելի հզոր համակարգերի հետ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային՝ ռուսական բալիստիկ հրթիռներին դիմակայելու համար։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը կարող է օգնել Մերձավոր Արևելքի երկրներին՝ դիվանագիտական աջակցության դիմաց, որպեսզի վերջիններս դրդեն Ռուսաստանին հրադադարի հաստատմանը։ Նա հիշեցրել է, որ Մերձավոր Արևելքի որոշ երկրներ «շատ ամուր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ»։
News.am
