Չնայած անկեղծ զգուշացումներին, սխալ և սադրիչ քայլեր են ձեռնարկվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մեկնաբանելով վերջին միջադեպերը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված երկրորդ բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՀՕՊ ուժերի կողմից։
Էրդողանի խոսքով՝ չպետք է ձեռնարկվի որևէ քայլ, որը ստվեր կգցի Իրանի հետ հազարամյա բարիդրացիական ու եղբայրական կապերի վրա կամ վնաս կհասցնի իրենց երկրին։
Նա նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելու պահից ի վեր։ Անկարան բանակցություններ է վարել 16 առաջնորդների հետ՝ ճգնաժամը հաղթահարելու ուղի գտնելու համար։
Էրդողանը պնդում է, որ Անկարան «արդարության, միջազգային իրավունքի, Իրանում խաղաղության ու կայունության կողմից է» և կողմ է հակամարտությունների լուծմանը երկխոսության միջոցով։
Նա նաև հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր թուրքական բոլոր ստորաբաժանումները գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։
«Իրանի հետ Թուրքիայի երեք սահմանային անցակետերում որևէ խնդիր կամ արգելափակում չկա, և Անկարան շուրջօրյա հսկում է իր օդային տարածքում հնարավոր սպառնալիքները հայտնաբերելու համար՝ F-16 կործանիչների, վաղ նախազգուշացման օդանավերի և լիցքավորող ինքնաթիռների օգնությամբ»,–ասել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի հետևել իրադարձությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի և այլ դաշնակիցների համակարգմամբ և լրացուցիչ միջոցներ կձեռնարկի իր անվտանգության ամրապնդման համար։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ «ոչ ոք չպետք է ընկնի սիոնիստական զանգվածային սպանությունների թակարդը, որը փորձում է եղբորը հանել եղբոր դեմ»։
Sputnik Արմենիա
