Логотип

Ադրբեջանի հետ կապեր ունեցող լոնդոնյան PR ընկերությունը թիրախավորում է Հայ դատի հանձնախմբին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) լիարժեք թափանցիկություն է պահանջում լոնդոնյան հանրային կապերի Apollo Strategic Communications ընկերությունից, որը փաստագրված կապեր ունի Ադրբեջանի և Կասպյան տարածաշրջանի էներգետիկ գործընկերների հետ, հաղորդում է հանձնախումբը: Պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ ընկերությունը գաղտնի կերպով ԱՄՆ լրագրողներին ուղարկել է մեդիա խորհրդատվական նամակ՝ թիրախավորելով ANCA-ին՝ ամերիկահայերի շահերի պաշտպանությամբ զբաղվելու համար։

2026 թվականի մարտի 2-ին ուղարկված էլեկտրոնային նամակը՝ պատրաստված Apollo-ի աշխատակից Դանիել Բլեյք-Մարտինի կողմից և արտահոսած մի շարք լրատվամիջոցների միջոցով, հրավիրում էր ամերիկյան լրատվամիջոցների խմբագիրներին հրապարակել ANCA-ի դեմ ուղղված քննադատական հոդվածներ՝ կրկնելով այն կեղծ պնդումները, որոնք հաճախ առաջ են մղվում Ադրբեջանի և Թուրքիայի կառավարության շահերով՝ Վաշինգտոնում Հայաստանի կողմնակիցների դեմ։ Ընկերության հուշագրում ամերիկացի լրագրողներին առաջարկվում էր մուտք ունենալ չորս «ոչ հրապարակային» աղբյուրների, այդ թվում՝ անանուն կոնգրեսական աշխատակցի, Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորի և ակադեմիական ու վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների, որպեսզի հրապարակվեն ANCA-ին վնասող նյութեր։

Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հրապարակված հոդվածում այս գործողությունը բնութագրել է որպես նախապես պատվիրված նյութ, որը գաղտնի ուղարկվել է ամերիկացի լրագրողներին՝ որպես զրպարտության ուղեցույց՝ անանուն կերպով ներգրավելով հայ գործիչների աջակցությունը՝ Գարո Փայլանից մինչև պատգամավոր Մարիա Կարապետյան:

Նա նշել է, որ կազմակերպության վրա հարձակվում են այն բանի համար, որ այն հստակ պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, հայերի վերադարձը Արցախ, Ադրբեջանի օկուպացիայի ավարտը, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը և թերևս Բաքվի ու նրա էներգետիկ գործընկերների համար «ամենաաններելի» պահանջը՝ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների համար պատասխանատվությունը։

Նշված աղբյուրներից մեկը՝ Գարո Փայլանը, հետագայում հրապարակայնորեն հերքել է իր մասնակցությունը արշավին՝ X սոցիալական ցանցում գրելով, որ «լրագրողներին իմ անունից ուղարկվել են հաղորդագրություններ Հայաստանի վերաբերյալ, որոնք ես չեմ թույլատրել»։ Արտահոսքից հետո Apollo ընկերությունը փակել է իր X-ի իր հաշիվը:

California Courier թերթի հրատարակիչ և սյունակագիր Հարութ Սասունյանը, որի շաբաթական հոդվածում մանրամասն ուսումնասիրվել էր Apollo-ի հուշագիրը, նշել է, որ այս գործողությունը կարող է հանդիսանալ օրենքի խախտում։

«ASC-ի հուշագիրը ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկվել է Մեծ Բրիտանիայում գործող PR ընկերության կողմից, ոչ թե ԱՄՆ-ում գործողի, հնարավոր է՝ դաշնային օրենքով նախատեսված օտարերկրյա լոբբինգի բացահայտման պահանջները շրջանցելու նպատակով», – գրել է Սասունյանը՝ հավելելով, որ Apollo-ն չի պատասխանել մեկնաբանության բազմաթիվ հարցումներին, «ինչի արդյունքում PR ընկերությունը փաստացի բացասական PR է իրականացրել ինքն իր դեմ»։

Apollo-ն իր հերթին 2009 թվականին գրանցվելուց ի վեր գործել է մի քանի տարբեր անուններով՝ նախկինում կոչվելով Red Public Relations Limited և Apollo Public Relations Limited։

«ANCA-ն հրապարակայնորեն ներկայացնում է իր գործունեությունը՝ մեր համայնքին ներգրավելով բաց ակտիվիստական կոչերով, մամուլի հաղորդագրություններով և համազգային հանրային քննարկումներով, – գրել է Համբարյանը, – Ի տարբերություն դրա՝ Apollo-ի ներգրավվածությունը ամբողջությամբ անհայտ կմնար, եթե նրանց նամակները չարտահոսեին։ Այժմ մնում է միայն, որ Apollo-ն բացահայտի, թե կոնկրետ ով է ֆինանսավորում այս հակազրպարտչական արշավը՝ ներկայացնելով պայմանագրերի պայմաններն ու վճարված գումարների չափը»։

Armenia Today