Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է և առաջիկայում կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում և Ազգային ժողովի խմբակցությունում, Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ նախագծի հրապարակման ժամկետների վերաբերյալ հստակ որոշում դեռ չկա, քանի որ որոշվել է տեքստը հրապարակել միայն իշխող կուսակցությունում քննարկումներից հետո։
Գալյանը հավելել է, որ քննարկումների ընթացքում կարող են կատարվել փոփոխություններ, որից հետո նախատեսվում է հրապարակել տեքստը։
Միաժամանակ նա նշել է, որ փաստաթուղթը կհրապարակվի հնարավորինս շուտ, իսկ քննարկումների համար բավարար ժամանակ կլինի, քանի որ հանրաքվեն չի կարող անցկացվել ընտրությունների հետ միաժամանակ։
Գալյանը հիշեցրել է, որ նախագծի հայեցակարգային դրույթները մշակվել էին ավելի վաղ, իսկ ներկայիս տեքստը ձևավորվել է այդ սկզբունքների հիման վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, անվանել էր «կոնֆլիկտային» և որակել որպես «ԽՍՀՄ-ի ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղություն»։
Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը գործող կառավարման համակարգից էական շեղում չի նախատեսվում, բայց միտված է ապակենտրոնացնել իշխանության թևերը։
«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը պառլամենտարիզմն է, սակայն փորձել ենք առավել ապակենտրոնացնել իշխանության թևերը և ապահովել հավասարակշռություն՝ օրինակ Ազգային ժողովին տրամադրելով վարչապետի գործունեության նկատմամբ վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ նախարարության նպատակն է, որպեսզի նախագծին ծանոթանա հնարավորինս լայն շրջանակ, որպեսզի հանրությունը լիարժեք պատկերացում ունենա փոփոխությունների բովանդակության մասին։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել էր 2020-ի փետրվարին՝ Փաշինյանի որոշմամբ Ադրբեջանի պահանջների ֆոնին՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը 44-օրյա պատերազմի ավարտից հետո։
Փաշինյանը վերջին 6 տարիների ընթացքում պարբերաբար հայտարարել է, որ Սահմանադրությունըը փոխում է ոչ թե Ադրբեջանի պահանջով, այլ քանի որ ՀՀ-ն պետք է ունենա ժողովրդի կամքն ու այսօր ՀՀ-ում առկա իրողությունն արտահայտող Սահմանադրություն։
2025 թվականի օգոստոսին Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո Բաքուն հայտարարել է, որ այն վերջնականապես ստորագրելու համար Հայաստանը պետք է ընդունի նոր Սահմանադրություն՝ առանց Անկախության հռչակագրի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն տեղի ունենա 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Գալյանը 2026 թվականի մարտի 2-ին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստից այս հղումը պահպանելու կամ հեռացնելու վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Armenia Today
