Վայոց Ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից` իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը մեկն էր այն հոգևորականներից, որոնք միայցել են եկեղեցու «բարենորոգման»` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրին։
Հիշեցնենք` 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
Հայտարարության տակ ստորագրել էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։
Նրանց են միացել նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը և Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը։
Փետրվարի 20-ին տարածվեց Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցների ընդունած հայտարարությունը, որով իշխանությանը հորդորում էին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները, գործել Սահմանադրությամբ և հակասությունները լուծել երկխոսության միջոցով։
Հայտարարության տակ ստորագրած 25 հոգևորականներից մեկը Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն էր։
Sputnik Արմենիա
