Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին աշխատանքից ազատելու վերաբերյալ Փաշինյանի ցնցող խոստովանությունից հետո գործի անցան նրա խորհրդարանական ուսապարկերը, որոնց հրամայված էր մանրամասն բացատրել քաղաքացիներին «առաջնորդի» ասածի էությունը։ Վերջինս, հիշեցնեմ, հայտարարեց, որ ինքն է տնօրենին «խնդրել» հեռանալ պաշտոնից, քանի որ նրա արարքը՝ ԱՄՆ փոխնախագահին Արցախի մասին գիրք նվիրելը, գնահատում է որպես «Հայաստանի արտաքին քաղաքականությանը հակասող գործողություն»։
ԴՐԱՆԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ԱՍՊԱՐԵԶ ՄՏԱՎ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԽՈՐՇԵԼԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ Մարիա Կարապետյանը, որը հայտնի է ազերաթուրքերի հանդեպ իր բոցավառ սիրով։ Այդ առումով նրա հետ կարող է մրցակցել թերևս միայն Ռուբինյանը։ ՔՊ-ական հեռուստաալիքներից մեկի եթերում նա մի հայտարարություն հրամցրեց, որը վրդովմունքի և զայրացած մեկնաբանությունների տարափ առաջացրեց սոցցանցերում։
«Թախանձագին խնդրում եմ պետության բոլոր աշխատողներին՝ նկատի ունենալ, որ իրենց ասած ցանկացած միտք, անկախ նրանից՝ դա գիտականության բերումով է, արժանապատվության բերումով, թե ինչի բերումով է, պետք է համապատասխանեցվի Հայաստանի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարեց սույն տիկինը, չբարեհաճելով բացատրել, թե ինչ իրավունքով է ինքը՝ խորհրդարանի շարքային անդամը, իրեն թույլ տալիս «թախանձագին» խնդրել որևէ մեկին սահմանափակել սեփական մտքի ու խոսքի ազատությունը:
Չենք հիշեցնի «հանուն ժողովրդավարության» գրանտներով տարիներ շարունակ կերակրված Կարապետյանին, որ մտքի և խոսքի ազատությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և համապատասխան կոնվենցիաների անկյունաքարային դրույթներից մեկն է: Հայաստանում իշխող թուրքական ոհմակի քաղաքական հավատամքն ավելի շուտ Ալիևի այն հայտարարությունն է, որ ժամանակակից աշխարհում միջազգային իրավունք գոյություն չունի, քան քաղաքակիրթ հանրության հիմնարար փաստաթղթերը։
Այստեղ թերևս ի հայտ են գալիս առավելապես զուտ կիրառական բնույթի հարցեր։ Այն է՝ ի՞նչ օրենքով են կարգավորվում պետության հետ այս կամ այն կերպ կապված հաստատություններում աշխատող քաղաքացիների մտքի և խոսքի ազատության սահմանափակումները: Ինչի՞ հիման վրա է «իշխանություն» հասկացությունը հավասարեցվում պետություն հասկացությանը: Ո՞վ է դասվում «պետության աշխատողների» թվին, որոնց բերանն իշխանությունը փակում է բացառապես հանուն սեփական նպատակների, որոնք էլ հենց ընդգծված հակապետական են։
Եթե հիշենք անցած տարվա օգոստոսին Նիկոլի արած հայտարարությունը, միանգամայն պարզ է դառնում, որ պետության մասին խոսք անգամ չկա։ Խոսքը լոկ մեկ անձի մասին է, որը հիվանդագին նույնացնում է իրեն պետության հետ և նույնն էլ պահանջում ուրիշներից։ «Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»,- ասաց «վարչապետը» 2025 թվականի օգոստոսի 28-ին։
Իսկ 7 ամիս անց փաստացի իրականացրեց իր սպառնալիքը և «հանեց շենքերից», թեև ՀՑԹԻ-ի տնօրենի դեպքում խոսքը ոչ թե կառավարության անդամի, այլ զուտ գիտական հաստատության ղեկավարի մասին էր: Ի՞նչ է սա, եթե ոչ ամենաիսկական բռնապետություն գործողության մեջ:
ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, ԱՅՍՈՒՀԵՏ ՆՈՒՅՆ ԱՅԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ, ԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ, Գիտությունների ակադեմիայի, պետհամալսարանների աշխատակիցները, իրավունք չունեն սեփական դատողություն ունենալ արտաքին քաղաքականության այս կամ այն հարցի վերաբերյալ և առավելևս իրավունք չունեն արտահայտել դա։ Ամենայն հավանականությամբ, դա վերաբերում է նաև խորհրդարանի պատգամավորներին և տեղերում օրենսդիր իշխանության ներկայացուցիչներին, կառավարության և խորհրդարանի աշխատակիցներին, պետական բյուջեից ֆինանսավորվող ԶԼՄ-ների աշխատակիցներին։
Ինչպես նաև գրադարանների, դպրոցների, կլինիկաների, հիվանդանոցների, պետական թատրոնների, քաղաքապետարանների… բոլոր նրանց, ովքեր աշխատավարձ են ստանում պետական, կառավարությանը կամ իշխող կուսակցությանը չպատկանող գանձարանից:
Ընդ որում բոլորն էլ գերազանց հասկանում են, թե «արտաքին քաղաքականության» կոնկրետ որ հարցի մասին է արգելվում մտածել և խոսել. Արցախի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, էթնիկ զտումների, պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և Ադրբեջանի այլ հանցագործությունների։ Նշանառության տակ առնելով, կարելի է չկասկածել, Հայոց ցեղասպանությունը։
Փաստորեն Գզոյանի օրինակով ու Կարապետյանի շուրթերով Նիկոլը զգուշացնում է. եթե պետբյուջեից ֆինանսավորվող հաստատությունում աշխատող որևէ մեկը «հանդգնի» հրապարակավ անդրադառնալ Արցախի հարցին, ապա նրան աշխատանքից հեռացում է սպառնում։ Եթե, ասենք, որևէ հայ գիտնական համարձակվի հակադրվել Արցախի մասին պատմական փաստերը կեղծող հարևան երկրի ներկայացուցչին, ապա նրան փաշինյանական «բանադրանք» է սպասվում։
Եթե ընդդիմադիր պատգամավորը միջազգային խորհրդարանական որևէ կառույցի նիստում իրեն նման բան թույլ տա, ապա… Նրան կզրկե՞ն մանդատից Նիկոլի հրահանգով և դեռևս բացահայտ չարտահայտած (ինչը լոկ ժամանակի հարց է) «օրենքը ես եմ» սկզբունքով։
Աբսուրդ՝ աբսուրդի վրա. այլ կերպ անհնար է մեկնաբանել իրավիճակը։ Եվ կարելի է չկասկածել, որ վաղը այդ սահմանափակումները վերաբերելու են ոչ միայն «պետության աշխատողներին», այլև ցանկացած քաղաքացու, որին խիստ կպատժեն ընդամենը «Արցախ» բառն արտաբերելու կամ գրելու համար։
Թե էլ ինչ մտքեր ու խոսքեր են արգելվելու լոկ այն պատճառով, որ մահացու վտանգ են ներկայացնում Նիկոլի իշխանության համար, բնավ դժվար չէ կռահել։ Ինչպես սոցցանցում գրել է օգտատերերից մեկը, այդ ամենը կհսկի, հավանաբար, հատուկ այդ նպատակով ստեղծված «մտքի ոստիկանությունը»՝ բացառապես «հանուն ժողովրդավարության»։
