Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները:
Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ և լոկալ գործողությունների վրա։ Այդ մոդելը նվազագույնի է հասցնում քաղաքական և ֆինանսական ծախսերը, և խուսափում է ռազմական գործողություններում երկարատև ներգրավվումից։
Սակայն Իրանն ընտրել է հակառակ մարտավարությունը։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է հակառակորդի ռեսուրսների «մաշեցման» և լարվածության աշխարհագրության ընդլայնման վրա՝ ներառելով կարևոր էներգետիկ ճանապարհի (Հորմուզ) դեմ ուղղված սպառնալիքը։
Նավթի և գազի ծովային մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը հատկապես նշանակալից է համաշխարհային էներգետիկ քաղաքականության համատեքստում: Իրանը ցուցադրում է իր պատրաստակամությունը՝ նավագնացության հոսքերի նկատմամբ վերահսկողությունն օգտագործելու որպես միջազգային շուկաների վրա ճնշման գործիք: Միևնույն ժամանակ, Թեհրանը ազդանշան է տալիս՝ էներգիայի դիմաց յուանով վճարումներին անցնելու մասին, ինչն անուղղակիորեն ամրապնդում է Չինաստանի դիրքերը:
Պեկինի համար այս դինամիկան բացում է լրացուցիչ աշխարհաքաղաքական հնարավորություններ: Չինաստանը շահագրգռված է էներգետիկ ուղիների վրա ամերիկյան ազդեցության թուլացմամբ և հումքի վճարման այլընտրանքային համակարգի մշակմամբ: Պարսից ծոցում աճող անկայունությունը մեծացնում է նաև Եվրոպայի կախվածությունը լոգիստիկ ու ֆինանսական համակարգերից, որոնց զարգացման գործում Չինաստանը ձգտում է ունենալ կարևոր դեր:
Երևում է, որ Թեհրանի ռազմավարությունը հենված չէ միայն ռազմական գործիքակազմի վրա։ Հաշվարկվում են նաև արևմտյան երկրներում տնտեսական դժվարությունների աստիճանական աճի հավանականությունը։ Էներգիակիրների գների բարձրացումը կարող է մեծացնել ճնշումը եվրոպական տնտեսություններում՝ արևմտյան քաղաքական համակարգերում ստեղծելով լարվածություն։ Միևնույն ժամանակ, Իրանը, կարծես թե Պարսից ծոցի արաբական երկրների դիրքորոշման փոփոխության հույսեր ունի։
Հակամարտության ներկայիս կոնֆիգուրացիան ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական տրամաբանությունից անցում է կատարում դեպի ավելի բարդ, աշխարհաքաղաքական գործընթացի: Իրանը ձգտում է դիմակայությունը վերածել երկարատև պայքարի, որի դեպքում էներգակիրները, ֆինանսական մեխանիզմները և տարածաշրջանային դաշինքները դառնում են հիմնական գործիքներ:
Ընդհանուր առմամբ, Թեհրանի կողմից նախանշվող երկարատև հակամարտության մոդելը կարող է աստիճանաբար խաթարել նաև ԱՄՆ գերիշխանությունը՝ միաժամանակ փորձելով ընդլայնելով Չինաստանի ազդեցությունը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ:
Հ.Գ. Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսեբթի՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված կարող է հետաձգվել նախագահ Դոնալդ Թրամփի՝ մարտի 31-ին նախատեսված այցը Չինաստան: Կարելի է պնդել, որ Չինաստան-ԱՄՆ «առևտրային պատերազմը» շարունակվում է՝ այս փուլում հատկապես նաև Իրանի հաշվին:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
