Логотип

Վերաքննիչ դատարանը մերժել է Բագրատ սրբազանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վիճարկում են 2024թ. հոկտեմբերի 6-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի կազմակերպումը (ըստ նրանց` հավաքն արտոնված չի եղել)։

«Կոնկրետ այս գործով ասում են՝ երբ Լիդյա Մանթաշյանը ծանուցել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի մասին, իսկ Բագրատ սրբազանը փաստացի առաջնորդել է այդ հավաքը, այն այդ փաստի ուժով դարձել է ապօրինի»,- բացատրում է Սողոյանը։

Դեռ 2025թ․ մայիսի 13-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը որոշում էր կայացրել մերժել վարչական պատասխանատվության պահանջը։ Երևանի քաղաքապետարանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։

Սողոյանը նշում է, որ դատարանները հայցի մերժման հիմքում դրել են այն պատճառաբանությունը, որ վարչական իրավախախտման արձանագրություն կարող էր կազմել միայն անձամբ քաղաքապետը և չէր կարող այդ լիազորությունը վերապահել այլ անձի։ Մինչդեռ հայցադիմումին կից ներկայացվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ 06.11.2024թ. թիվ 002 արձանագրությունը, որը կազմել և ստորագրել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արամ Մարտիրոսյանը։

Sputnik Արմենիա