Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել բարեփոխել ազգային օրենսդրությունը՝ բացառելու հայերի նկատմամբ ատելության ցանկացած դրսևորում: Այս դիմումը հաջորդել է Ռամիլ Սաֆարովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշման կատարման ընթացքի գնահատմանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ-ը արձանագրել էր, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (էթնիկ խտրականության արգելք) հոդվածները:
Աղմկահարույց գործը վերաբերում է սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թվականին Բուդապեշտում, ՆԱՏՕ-ի ծրագրին համատեղ մասնակցության ժամանակ, կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Չնայած այն հանգամանքին, որ Սաֆարովը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, Ադրբեջանին արտահանձնվելուց հետո նա անմիջապես ներման էր արժանացել նախագահ Իլհամ Ալիևի կողմից, խրախուսվել և հերոսացվել:
Alpha News
