Логотип

«Մոտ ապագայում կհեռանանք Իրանից». Դոնալդ Թրամփի հայտարարությունների հերթական շարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել արտաքին քաղաքական հարցերի շուրջ՝ անդրադառնալով Կուբայի, Իրանի, Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակին և դաշնակիցների հետ հարաբերություններին:

Նա մասնավորապես հայտնել է, որ Վաշինգտոնն առաջիկայում կարող է քայլեր ձեռնարկել Կուբայի նկատմամբ։

Նա նշել է, որ Կուբան գտնվում է շատ վատ վիճակում, իսկ այդ երկրի հետ բանակցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Մենք շատ շուտով ինչ-որ բան կձեռնարկենք Կուբայի նկատմամբ», – հայտարարել է Թրամփը:

Մեկնաբանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ամբողջությամբ լքել տարածաշրջանը, սակայն դիտարկում է տեսանելի ապագայում նման քայլ կատարելու հնարավորությունը:

«Մենք դեռ պատրաստ չենք, բայց մոտ ապագայում կհեռանանք», – ասել է նա:

Խոսելով միջազգային շփումների մասին՝ Թրամփը հայտնել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը հետաձգելու մասին: Նրա խոսքով՝ նախատեսում են բանակցություններ անցկացնել հինգ–վեց շաբաթից։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շատ լավ աշխատանքային հարաբերություններ են։

ԱՄՆ նախագահն առանձին անդրադարձել է եվրոպական դաշնակիցների հետ հարաբերություններին։ Նա հիասթափություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի դիրքորոշումից. նա հրաժարվել է աջակցել Իրանի հետ հակամարտությունում Վաշինգտոնի գործողություններին:

«Ես հիասթափված էի», – նշել է Թրամփը՝ հավելելով, որ իր կարծիքով` Լոնդոնը օգնություն ցուցաբերելու հնարավորություն ուներ։

Թրամփը նաև հակիրճ հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին՝ ենթադրելով, որ նա շուտով կլքի պաշտոնը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե ինչի վրա է հիմնված նման գնահատականը:

Sputnik Արմենիա