Логотип

ՄԵԾ ԽԱՂ Է ԾԱՎԱԼՎՈՒՄ

Կայացավ «Հայաստան» դաշինքի շնորհանդեսը: 2026-ի խորհրդարանական ընտրություններին նորացված դաշինքը կմասնակցի երեք թիմից բաղկացած կազմով. ՀՅԴ, Ռոբերտ Քոչարյանի թիմ և «Առաջ» կուսակցություն, որի առաջնորդը Սևակ Խաչատրյանն է:

Եվս մեկ քաղաքական ծանրքաշային ներկայացրեց իր հայտը։ Զարմանալի չէ, որ իշխող թիմի շարքերում թեթև խուճապ է տիրում. այնտեղ ակտիվորեն թեզ են տարածում, թե խորհրդարանական ընտրություններում ամբողջ ընդդիմությունը գործելու է Ռոբերտ Քոչարյանի օգտին

Քոչարյանի իշխանության գալուց իշխող թիմում վախենում են. դա Նիկոլի մղձավանջներից մեկն է, չենք խոսում արդեն ուրախ ավտոբուսի մյուս զվարճալի կերպարների մասին։

ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ՉՈՐՍ ԽՈՇՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՏԵՐԸ։ Դեռևս տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շուրջ համախմբված կազմակերպություններն ու անհատ գործիչները, Արման Թաթոյանի «Միասնության թևերն» ու նրանց միացածները…

Իր վերջնական խոսքը դեռևս չի ասել ՀՀԿ-ն. ինքնուրույն է արդյոք ընտրությունների գնալու կուսակցությունը, նշված դաշինքներից մեկի կազմում, թե՞ իր ռեսուրսները կենտրոնացնելու է իմպիչմենտի օրակարգն առաջ տանելու վրա։ Ամեն դեպքում պատկերն իշխանությունների համար բարդ է, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ ընտրություններին մասնակցելու են նաև մի շարք կեղծ ընդդիմադիր ուժեր, որոնք կոչված են կատարելու մեկ նպատակ. փոշեցրիվ անել ընդդիմադիր ձայները։

Առաջիկա ընտրություններին իրենց հայտերը ներկայացրած վերոնշյալ բոլոր քաղաքական ծանրքաշայիններն ունեն ուժեղ թիմեր։ Բայց մյուս ընդդիմադիր ուժերի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ կան նաև այլ գործոններ, թե ինչու է Նիկոլն այդքան վախենում հենց Քոչարյանի իշխանության գալուց։

Ոչ միայն այն պատճառով, որ վախենում է իր արածի համար հատուցումից։ Ոչ միայն այն պատճառով, որ «Հայաստան» դաշինքն արդեն այսօր համագործակցության կոչ է անում ընդդիմադիր բոլոր ուժերին, որպեսզի միասին հաղթահարեն ճգնաժամը: Այլև երևի նաև այն պատճառով, որ Փաշինյանի թիմում էլ կան հասկացողներ, որ պահունակում ունենալով Ռոբերտ Քոչարյանի պես պետական գործիչ՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելը, եթե անկեղծ խոսենք, հանցագործություն է ժողովրդի, երկրի, սեփական ազգի ու երկրի ապագայի դեմ… Եվ իշխող թիմը պիտի կաշվից դուրս գա, որպեսզի համոզի ընտրողին կատարել այդ հանցագործությունը…

Սա մասնավոր կարծիք չէ։ Սա հաստատված է մեր նորագույն պատմությամբ։ 2021-ին նման հանցագործություն կատարվեց, և հաջորդեց հատուցումը. հայկական Արցախը դադարեց գոյություն ունենալ։ Ընտրել Նիկոլին ու իր ինքնասիրահարվածների թիմին՝ կնշանակի վտանգել Սյունիքը։

Փաշինյա՞ն։ Նրա հայրը խորհուրդ էր տալիս վարչապետ ընտրել ավելի խելացի և իմաստուն մեկին։ Իր զավակների համար անգամ նա հեղինակություն չէ: Կինը թողեց գնաց, երևի հոգնեց մշտական մանիպուլյացիաների մթնոլորտում ապրելուց։ Քանզի դժվար թե հասարակության մեջ Նիկոլը մեկ մարդ է, իսկ ընտանիքում՝ այլ։

Բայց Փաշինյանը մեծ լավատես է։ Նա դեռ հավատում է, թե այն, ինչն ակներև է իր մտերիմների համար, կհաջողվի թաքցնել ընտրողից, եթե կանոնավորապես սեր խոստովանի նրան…

Նա իր թիմին էլ է սովորեցնում։ Եթե ուզում ենք հաղթել, ասաց նա վերջերս իր թիմին Վայոց Ձորում, մի ամաչեք սեր խոստովանել ընտրողին։ Դուք սիրում եք նրան, այնպես չէ՞, ուրեմն ավելի հաճախ ասեք նրան այդ մասին, ցույց տվեք ձեր սերը, ուսուցանում էր նա:

Քոչարյանը «Հայաստան» նախընտրական դաշինքի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում խոսեց այն մասին, որ իրեն պետք չէ սիրել, սիրո համար կան այլ օբյեկտներ: Քաղաքական առաջնորդները, ասաց Քոչարյանը, ոչ թե նրա համար են, որ նրանց սիրեն, այլ որ բարելավեն մարդկանց կյանքը։ Հավելենք մեր կողմից. հատկապես, երբ խոսքը վերաբերում է ճգնաժամային կառավարիչներին, հատկապես այն իրավիճակներում, երբ պետության գլխավերևում կախված է նոր տարածքների կորստի, սուբյեկտայնության կորստի իրական սպառնալիք։