Մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան, երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԲԿ-ից:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երևանում մեկ տարեկան 2 ամսական տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։
Դատախազությունից հայտնել են, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։
38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Ավելի վաղ, NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
NEWS.am–ի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
Երեխայի կենսաբանական մայրը Արարատի մարզի Մասիս համայնքի բնակիչ է և բացի փոքրիկից, ունի ևս երեք երեխա։ Նրանցից երկուսը հանձնված են խնամակալության Երևանում բնակվող խնամակալ ընտանիքի, մեկ երեխային պահում է տատիկը, իսկ փոքրիկը վերջին շրջանում հոր և խորթ մոր խնամքի տակ էր։ Երեխայի հայրը և խորթ մայրը բնակվում են Երևանի Արաբկիր համայնքում։
