Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է: Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հռչակագրի մասը Սահմանադրության նոր տեքստից հանվել է:
«Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված Ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. Սահմանադրության տեքստը՝ նախագծի տեքստով, լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու Ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված, ու կորոշի…
Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում: Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը»,- ասաց նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, բայց դեռ ժամանակ կա, քանի որ չկա հանրաքվեի ժամկետ:
«Հանրաքվե նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին: Մեր մեծագույն ցանկությունն է տալ հանրությանը բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ, տեքստին ծանոթ լինելով, կատարել ճիշտ ընտրություն»,- ասաց նա:
Նախարարը նաև չբացառեց, որ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև խորհրդարանական ընտրություն:
«Այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն՝ անփոփոխելի չի լինելու, դա լինելու է նախագիծ, հետևաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունն ընդունել-չընդունելու հարցը որոշելու է ժողովուրդը:
News.am
