«Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը ներառում է վեց հիմնական սկզբունք։ Ծրագրի ներկայացման արարողության ժամանակ դրանք ներկայացրեց կուսակցության անդամ, անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախուզության գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, Քառօրյա և 44-օրյա պատերազմների, ինչպես նաև 2023թ. Արցախի պաշտպանության մասնակից Արթուր Ավանեսյանը։
«30 տարի ես ծառայել եմ սահմանին և լավ գիտեմ թշնամու ուժեղ և թույլ կողմերը։ Մեզ պետք է հակառակորդին ճանաչող և համապատասխանաբար գործող բանակ։ Հայաստանի շուրջ կան ուժեր, որոնք որոնք ցանկանում են մեզ տեսնել բաժանված, թույլ, խոնարհված։ Սպառնալիքները դեռ չեն նահանջել։ Ո՞վ է մեր թիվ մեկ թշանամին, ոչ թե հարևանը, այլ մեզ պարտադրված թուլությունը, անզորությունը՝ սեփական ուժերի հանդեպ անհավատությունը»,- նշել է Ավանեսյանը։
Նրա կողմից ներկայացված 6 սկզբունքները ենթադրում են.
1․ Ներդնել «Խելացի սահման» համակարգը՝ մարդկային գործոնը նվազեցնելու համար. սահմանը համալրել արհեստական բանականության (AI) վրա հիմնված սենսորային ավտոմատացված համակարգերով:
2․ Ստեղծել հետախուզական համակարգ՝ սպառնալիքները վաղ փուլում հայտնաբերելու համար:
3․ Ներդնել կառավարման միասնական համակարգ՝ ցամաքում, օդում, ինչպես նաև տեղեկատվական դաշտում:
4․ Ստեղծել ռազմարդյունաբերական համալիր (ՌԱՀ)՝ ճգնաժամային իրավիճակներում այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու համար:
5․ Երկնքի պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթություն: Փորձը ցույց է տվել, որ երբ երկինքը պաշտպանված չէ, պաշտպանված չէ նաև զինվորը: Անհրաժեշտ են ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն), ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) համակարգեր և անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) «որսիչներ»:
6․ Հասարակության մեջ վերականգնել հայ զինվորի պատիվը, զինվորական ծառայության մրցունակությունն ու գրավչությունը:
«Ուժեղ բանակը պատերազմ չի սկսում, այն կանխում է պատերազմը։ Ես մի ամբողջ կյանք անց եմ կացրել սահմանին, եղել են դեպքեր, երբ մի ամբողջ ամիս օրեկան քնել եմ մի քանի րոպե, բայց այդ քունը ամենաարդարն էր։ Բայց այսօր ես չեմ կարող քնել, որովհետև վտանյգված է Մայր Հայաստանը», – նշել է Ավանեսյանը։
News.am
