«Հետո՞ ինչ, որ հանձնեցինք Արցախը։ Այ քեզ բան…»,- այսպես վրդովված արձագանքեց փաշինյանական ամենահավատարիմ ծառաներից մեկը՝ Զարեհ Սինանյանը, արածի համար իշխանությունների պատասխանատվության մասին հարցին։ «Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ մեր իշխանությունը չպետք է պատիժ կրեն։ Հետո՞ ինչ, որ դա (Արցախի կորուստը) տեղի է ունեցել մեր իշխանության օրոք»,- գրեթե գոռում էր «Սփյուռքի հարցերով հանձնակատարը»՝ փորձելով խլացնել լրագրողների փաստարկներն ու ապացուցել, թե պատժի են ենթակա բացառապես նախկին իշխանությունները։
Պետք է ենթադրել՝ նախկինները մեղավոր են, որ ժամանակին մտքներով չի անցել աշխատանքի հրավիրել այդ «մտավոր գիգանտին»…
ՉՆԱՅԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԻՐ ՎԵՑՆՈՑՆԵՐԻ ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԻՆ ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, թե Արցախի ցանկացած հիշատակում արգելված է, քանի որ չի համապատասխանում պետության «արտաքին քաղաքականությանը», թեման շարունակում է մնալ հանրային թեժ դիսկուրսում։ Ավելին, որքան ավելի են ջանում այդ ուղղությամբ իշխանական ոհմակի անդամները, այնքան ավելի շատ ու ավելի ակտիվ է տիրաժավորվում ու քննարկվում տարբեր ձևաչափերի, այդ թվում՝ միջազգային հարթակներում հայկական երկրորդ պետության հետ կապված ամենը։ Մինչդեռ ամերիկացի բարձրաստիճան հյուրին «սխալ» նվեր ընծայելու համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնազրկման աղմկահարույց պատմությունից հետո ի հայտ են գալիս բավական հետաքրքիր և, ընդգծենք, անմիանշանակ հաղորդագրություններ։ Այսպես, լուրեր են շրջում ՀՑԹԻ-ի Արցախի բաժնի փակման մասին, ինչը, իր ողջ անհեթեթությամբ և հանցավորությամբ հանդերձ, տնօրենի հեռացման հետ կապված սկանդալի տրամաբանական շարունակությունը կլինի:
Թանգարան-ինստիտուտից հայտարարեցին, որ իրենց հավաստիացրել են, թե նման ծրագրեր չկան։ Լրատվամիջոցների տեղեկություններով ՝ աշխատակիցների հետ հանդիպել է նիկոլական վայ-նախարար Անդրեասյանը, որը փորձել է հանգստացնել նրանց, թե իբր՝ « գնացեք, ձեր գիտական գործունեությամբ զբաղվեք, ոչ մեկը ձեզ չի արգելելու, չի խանգարելու»։ Ինչ վերաբերում է Արցախի բաժնին, հստակ պատասխաններ չտրվեցին։ Հնչեց լոկ հետևյալը. «Ինչպես աշխատում էիք, այնպես էլ շարունակեք աշխատել, ձեր աշխատանքը կապ չունի պետական արարողակարգի հետ»,- ասված է հաղորդագրություններում:
Չափազանց կասկածելի է հնչում: Նախևառաջ այն պարզ պատճառով, որ իշխանության ցանկացած քայլ և ցանկացած որոշում այսօր պետք է դիտարկել առաջին հերթին նախընտրական տեսանկյունից։ Իսկ դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ մինչև ընտրություններ բաժինը (նաև թանգարան-ինստիտուտը) չեն փակի, իսկ այ դրանից հետո… Դրանից հետո հնարավոր է ամեն ինչ, և հավանականության նույնպիսի աստիճանով: Մանավանդ որ նոր տնօրենը, որն, ի դեպ, ոչ մի կապ չունի ցեղասպանագիտության ու գիտության հետ, արդեն իսկ ստրկամիտ պատրաստակամություն է հայտնել ամեն հարցում հետևել կուսակցության ու անձամբ Նիկոլի ուղեգծին։
ՍԱԿԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՎ ՄԵԿ ԱՅԼ, ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԹՎԱՑՈՂ (8 տարվա ընթացքում որերորդ անգամ) տարբերակ: Սա հետևում է նույն Սինանյանի հայտնություններից, որն Արցախի հանձնման մեջ չի տեսնում ոչ մի ողբերգություն և հանցանք, ինչի համար պատասխանատվություն և պատիժ է նախատեսված։ Այս սուբյեկտը, մասնավորապես, հերքեց լայնորեն շրջանառվող այն տեղեկությունները, որ Սփյուռքին ցուցումներ են տրվել զերծ մնալ Արցախի թեմայով ակտիվությունից։
Նրա խոսքերով՝ նման բան չի եղել, և նման հրահանգ ինքը նույնպես չի ստացել ։ «Ես գիտեմ՝ ինչ հայտարարություններ անել և որոնք են համապատասխանում մեր ներկայիս արտաքին քաղաքականությանը։ Եվ հասկանում եմ, թե ինչպես մնալ այդ շրջանակներում»,- ասաց Սինանյանը։ Դե, ո՞նց չգնահատես այդքան հնազանդ և ցանկացած, նույնիսկ չարտահայտված արտաքին քաղաքական նրբերանգները հասկացող պաշտոնյային։
Այդուհանդերձ շատ հակասական պատկեր է ստեղծվում։ Մի կողմից, Փաշինյանը աշխատանքից ազատում է ՀՑԹԻ-ի տնօրենին՝ Արցախի մասին գիրք նվիրելու համար, և հրապարակավ ընդունում է դա, իսկ հաջորդ օրը նրա խորհրդարանական ուսապարկերից մեկը թախանձագին խնդրում է բոլոր նրանց, ովքեր աշխատում են պետհաստատություններում, այդ թվում՝ գիտնականներին, համապատասխանեցնել իրենց մտքերն ու հայտարարությունները ՔՊ-ի արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի բաժինը չեն փակում (առայժմ), իսկ Սփյուռքի գործերով հանձնակատարը բազմանշանակ հայտարարում է, թե գիտի՝ որտեղ, ինչպես և ինչ խոսել այդ թեմայով։
Մի՞թե տարօրինակ չէ: Միգուցե այս ամենի հետևում ա՞յլ բան է թաքնված։
Այս համատեքստում արժե ականջալուր լինել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի սոցցանցերում արած գրառմանը։ Նա մեջբերում է հարևան երկրի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հետևյալ բովանդակությամբ հաղորդագրությունը. «Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։
«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ «ԱԶԵՐԹԱՋ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆՈՒՄ Է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»,- գրում է Տաթևիկ Հայրապետյանը:
«Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնի» անցկացրած «գիտական սեմինարի» էությունը, կարծում եմ, պարզաբանելու հարկ չկա. դա ընդամենը պատմական իրողությունների ու փաստերի կոպիտ նենգափոխմանն ու խեղաթյուրմանն ուղղված անթիվ միջոցառումներից մեկն է։ Այսինքն՝ այն, ինչով Բաքվում զբաղվել են երկար տարիներ և շարունակում են է՛լ ավելի մեծ ակտիվությամբ զբաղվել ցեղասպանությունից և հայկական Արցախի բռնազավթումից հետո։ Շարունակում են և՛ գիտական, և՛ մնացած բոլոր մակարդակներում, իրենց երկրում և ողջ աշխարհում։
Հնարավո՞ր է արդյոք, որ փաշինյանական հանցախումբը համաձայնություն տված լինի միանալ տարածաշրջանի պատմությաափոխման այդ հանցավոր գործընթացին. սկզբի համար՝ Արցախի առումով։
Պատասխանը միանշանակ է. իսկ ինչո՞ւ ոչ, մի հարցնող լինի։ Ի՞նչը կխանգարի Նիկոլին նախ գաղտագողի, հրահանգներ տալով Սինանյանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրենի և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նոր տնօրենի կարգի իր հավատարիմ թիմակիցներին՝ սատարել ալիևյան «գիտնականների» ջանքերին, իսկ հետո, իշխանությունը պահպանելու դեպքում, անել դա բացահայտ։ Ի վերջո, խոսքը Նիկոլի և թուրքերի ընդհանուր թշնամու ՝ հայկական «ազգայնականության» մասին է։
Պետք է ընդունել, որ հենց այդպիսի գործունեությունն է լինելու գործող վարչախմբի ազգադավ արտաքին քաղաքականությանը միակ համապատասխանողը՝ դրա դեռևս բացահայտ չհայտարարված, բայց արդեն հստակ տեսանելի գլխավոր նպատակադրմամբ. ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանը «արևմտյան Ադրբեջան» դարձնելու համար:
