Իրանի կառավարման համակարգը փլուզման եզրին չէ, չնայած ԱՄՆ–ի և Իսրայելի ջանքերին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն և Իսրայելը կարծում են, որ եթե պատերազմի սկզբում թիրախավորեն և ոչնչացնեն Իրանի բարձրաստիճան ղեկավարությանը, ապա երկիրը միանգամից կփլուզվի, բայց այդպես չեղավ։
Նշենք, որ փետրվարի 28-ին Իրանի վրա ԱՄՆ–ի և Իսրայելի հարձակումից ի վեր սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ սպանվել են Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ու նրա որդին, «Բասիջ» կամավորական ուժերի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին։
«Ըստ տարբեր վերլուծությունների` Իրանը պատրաստ է նման սցենարի, հաշվի առնելով Արևմուտքըի մարտավարությունը և Մերձավոր Արևելքի երկրների նախադեպերը։ Իրանի կառավարման համակարգը դեռ կայուն է, չնայած շատ մեծ կորուստներին և խնդիրներին։ ԱՄՆ–ն և Իսրայելը շարունակում են Իրանի վերնախավին սպանելու և դրանով համակարգը փլուզելու մարտավարությունը, քանի որ այլ ուղի այս առումով չի մնացել»,–ասաց իրանագետը։
Բերուջանյանը շեշտեց, որ Ալի Լարիջանի դերակատարությունը Իրանի կառավարման համակարգի պահպանման գործում շատ մեծ է եղել հատկապես գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունից հետո։ Մինչև պատերազմն էլ Իրանի հոգևոր առաջնորդը բարձրացրել էր Լարիջանիի լիազորությունները։ Սակայն ամեն դեպքում իրանագետը չի տեսնում նշաններ, որ Իրանի կառավարման համակարգը փլուզվել է կամ համակարգի ներսում ինչ–որ խնդիրներ կան։
Խոսելով Իրանում հակակառավարական ակցիաների հնարավոր շարունակության մասին, Բերուջանյանը նշեց, որ նման վտանգներ իհարկե կան, քանի որ վերջին տարիներին Իրանում սոցիալ–տնտեսական իրավիճակը վատացել է, պայմանավորված ԱՄՆ պատժամիջոցներով։ Կա հավանականություն, որ հունվարյան ցույցերը կարող են կրկնվել։ Քաղաքացիների այդ դժգոհություններն օգտագործում են նաև Իրանի հակառակորդները` երկրում լայնածավալ ընդվզումների և իշխանափոխության հասնելու համար։
Ըստ իրանագետի` Իրանում վիճակը կարող է սրվել, երբ կողմերն անցնեն երկարաժամկետ պատերազմական փուլի և գնան տնտեսական թուլացման ճանապարհով։ Այսօր Պարսից ծոցում նավթի վաճառքի դադարեցումը ուղիղ հարվածում է Իրանի տնտեսությանը, քանի որ երկրի եկամուտի մեծ մասը գոյանում է նավթի վաճառքից։ Այսինքն նման քաղաքականությամբ ոչ միայն ճգնաժամային իրավիճակ կլինի համաշխարհային տնտեսության համար, այլ ավելի շատ կհարվածի Իրանին։ Այդ պարագայում Իրանի ժողովուրդը ստիպված կլինի կամ լքել երկիրը կամ բողոքի ակցիաներ անցկացնել։
«Ամեն դեպքում, ժողովրդի այն հատվածը, որոնք դեռ արտահայտվելու փորձեր չեն արել, դժվար հիմա ինչ–որ քայլերի դիմեն։ Նրանք հասկանում են, որ համակարգն իրենց հետ շատ դաժան կվարվի, քանի որ պատերազմական իրավիճակում դա կդիտարկվի որպես դավաճանություն։ Հետևաբար, քանի դեռ չկա ինչ–որ կայուն վիճակ, կարծում եմ, ժողովուրդը կխուսափի ներքին ընդվզումներից»,–ասաց նա։
