Логотип

Ռոբերտ ԱՄՍՏԵՐԴԱՄ․ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻՆ ԲԱՑԱՏՐԵԼՈՒ ԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամերիկացի հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգմանը և Հայաստանում տիրող նախընտրական իրավիճակին։ Փաստաբանը կատարվածը որակում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում։

ԿԱԼԱՆՔԸ՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Ռոբերտ Ամստերդամի խոսքով՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը սպասելի էր, քանի որ գործող իշխանությունը վախենում է իրական քաղաքական մրցակցությունից։

«Պարոն Փաշինյանը ոչ լեգիտիմ թեկնածու է: Նա այնպիսի տպավորություն է թողնում, կարծես գործում է օտարերկրյա տերության շահերից ելնելով և ամբողջությամբ վախենում է իրական քաղաքական մրցակցությունից»,– ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ Կարապետյանի կերպարը, որպես հաջողակ գործարարի և բարերարի, որը սատարում է Եկեղեցուն, վախ է ներշնչում Նիկոլ Փաշինյանին։ Ամստերդամը շեշտում է, որ քարոզարշավի փուլում թեկնածուին մեկուսացնելը թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։

«ՇԻՆԾՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

Ամստերդամի պնդմամբ՝ Կարապետյանի դեմ հարուցված գործերը զուրկ են որևէ փաստական հիմքից և հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ. «Իմ գրեթե 50-ամյա կարիերայի ընթացքում սա տեղավորվում է քաղաքական հետապնդումների այն ձեռագրի մեջ, որը նախաձեռնում են թույլ առաջնորդները՝ Փաշինյանի նման, ովքեր այնքան են վախենում ճշմարտությունից, որ թաքնվում են կեղծ մեղադրանքների հետևում: Սա ամենևին իրավական հարց չէ: Դատական նիստերից մեկի որոշման մասին լրատվամիջոցներում գրվել էր դատարանի հրապարակումից մեկ օր առաջ»։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ»

Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ընդդիմության և եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ փաստաբանը զուգահեռներ անցկացրեց Վրաստանի իշխանությունների հետապնդած քաղաքականության հետ։

«Երբ պարոն Փաշինյանն օգտագործում է «պատերազմի կուսակցություն» եզրույթը, դա ուղղակիորեն վերցված է Վրաստանի նախկին վարչապետ և իշխող ուժի ներկայիս պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի՝ անցյալ տարվա ապրիլյան ելույթից։ Փաշինյանը կրկնօրինակում է նույն բառապաշարը թե՛ Եկեղեցու, թե՛ ընդդիմության նկատմամբ վերաբերմունքում։ Սա պատմության մեջ թերևս առաջին դեպքն է Փոլ Փոթի ժամանակներից ի վեր, երբ քաղաքական առաջնորդը փորձում է ջնջել սեփական ժողովրդի պատմությունը, կրոնը և մշակույթը: Նա Հայաստանի Փոլ Փոթն է»։

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ

Փաստաբանը խիստ քննադատության ենթարկեց նաև նոր Սահմանադրության գաղափարը, որն ընկալվում է որպես հրաժարում հայկական ինքնությունից։

«Անհավատալի է, թե ինչ է այս մարդն առաջարկում այս նոր Սահմանադրությամբ։ Նա պատրաստ է հրաժարվել Անկախության հռչակագրից, Արցախի պատմական պահանջներից, պատրաստ է հրաժարվել Բաքվում պահվող պատանդներից։ Մենք եվրոպացիներին բացատրելու ենք, թե ինչպես է նա թույլ տալիս Ադրբեջանին բառացիորեն վերահսկել Հայաստանի Սահմանադրությունը և վերախմբագրել Հայաստանի պատմությունը»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ՔԱՅԼԵՐԸ

Ռոբերտ Ամստերդամը հայտնեց, որ իրենց իրավաբանական թիմը վճռական է տրամադրված և հարցը բարձրացնելու է միջազգային մակարդակով։

«Մեր քայլերից մեկն այն է լինելու, որ եվրոպական մայրաքաղաքներում բարձրաձայնելու ենք Փաշինյանի վարքագծի մասին և բացատրելու ենք, թե նա ինչպիսի սպառնալիք է եվրոպական արժեքների համար։ Այս ամենին պետք է դիմադրել օրենքի շրջանակներում, բայց վճռականորեն։ Հայաստանի կառավարության ցանկացած քայլ՝ ուղղված օրենքը խեղաթյուրելուն, արժանանալու է միջազգային արձագանքի»։

News.am