Логотип

ԱՄՆ-ԻՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, ԱՅԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆՐԱՔՎԵՆ

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի գաղտնազերծած 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատումը» զեկույցն ակնհայտ է դարձնում մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ այդ գերտերության հաշվարկների ալգորիթմները:

Ամեն ինչ հիշեցնում է չոր հաշվարկ՝ առանց համարժեք իրավական գնահատականների, դե միջազգային իրավունքի չգոյության մասին զուր չէին հրապարակավ արտահայտվում: Բնորոշ է, հատկապես՝ Սահմանադրությունը փոխելու Ալիևի պահանջի վերլուծությունը. «Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա մեկնաբանում է իբրև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող դրույթ։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքը երաշխավորված չէ»:

Այսպիսով, ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանի ինքնիշխանությունը ակներև խաթարելով Ադրբեջանի նախագահի կողմից սեփական մտավոր կարողություններից ելնելով, Հայաստանին պահանջներ թելադրելու հանցավոր կեցվածքը, այլ այն մտավախությունը, որ այդ քայլը պարզապես կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ:

Այն, որ Հայաստանում ներկա իրավաքաղաքական մթնոլորտում, երբ նույնիսկ հանրապետական ընտրություններին հնարավոր չի լինում ապահովել առնվազն 50 տոկոս մասնակցություն, ինչը պարտադիր պայման է հանրաքվեի համար, անվիճելի փաստ է: Անգամ Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին մասնակցությունը հազիվ կազմեց 28,4 տոկոս:

Ընդ որում, այս կարևոր հանգամանքը հրապարակավ հնչեցրել ենք դեռևս 4 տարի առաջ, երբ առաջին անգամ խնդրահարույց համարվեց «Անկախության մասին» հռչակագիրը:

Մեկ անգամ ևս ընդգծենք երկու խիստ առանցքային վերապահում՝ ա) «Անկախության մասին» հռչակագիրը բովանդակում է ոչ թե տարածքային հավակնություն, այլ սոսկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգում, ինչը միջազգային իրավունքի նորմ է, բ) Սահմանադրության նախաբանով նախատեսվել է հիմք ընդունել ոչ թե Հռչակագրի բոլոր 12 կետերը (դրանց մի մասն անտեսվել է դեռևս 1991թ., երբ ներդրվեց նախագահի ինստիտուտը), այլ «հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները»:

Հ.Գ. ԱՄՆ-ում գոնե լավ են հասկացել, որ վերը նշված հիմքով Սահմանադրությունը փոխելու պահանջը անհաղթահարելի խոչընդոտ է, իսկ եթե ավելի համալիր դիտարկենք, ապա կարող ենք փաստել, որ դա փակուղի տանող ճանապարհ է, քանզի հանրաքվեի ձախողման դեպքում՝ անխուսափելիորեն մենք մեր ձեռքով հաստատագրում ենք իբր մայր օրենքով տարածքային հավակնություններ ունենալու իրավական փաստը՝ դրանից բխող անխուսափելի բացասական հետևանքներով հանդերձ: Ընտրողների ցուցակները «վերանայելու» քայլերը ևս ապարդյուն են: Դեռ ուշ չէ …

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Verelq.am