ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Օման կատարած պաշտոնական այցի շրջանակում Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել է Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին:
Դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու հանդիսավոր արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Մասկատում մշտական դեսպանություն հիմնելու որոշումը ոչ միայն արտացոլում է մեր երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և բովանդակալից համագործակցությունը, այլև հստակորեն վկայում է մեր ջերմ քաղաքական երկխոսության հետևողական խորացման մասին։ Իր խորհրդանշական նշանակությունից զատ՝ դեսպանության բացումը նաև գործնական կարևոր քայլ է՝ ուղղված մեր գործընկերության ողջ ներուժի լիարժեք իրացմանը և տնտեսական, կրթական ու մշակութային ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանը»,– ասել է Միրզոյանը։
Նա Օմանի արտգործնախարարին ներկայացրել է ՀՀ դեսպանությունը, երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է կարճ զրույց։
Միջոցառմանը մասնակցել են Օմանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Օմանում բնակվող ՀՀ քաղաքացիներ։
Sputnik Արմենիա
