Ռուսաստանն ակնկալում է, որ էներգետիկ ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակվի, այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում հանրապետությունում նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական–դեսպանորդ Դմիտրի Լիցկայը Ռուսական տանը կայացած «ԲՐԻԿՍ+ երկրների համագործակցություն ատոմային էներգիայի ոլորտում» համաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» պատրաստ է շարունակել ատոմային էներգիայի ապահովումը ամենաբարձր մակարդակով՝ պահպանելով անվտանգության և շրջակա միջավայրի բարեկեցության ժամանակակից չափանիշները։
Նա օրինակ բերեց Մեծամորի ատոմակայանի շահագործումը, որը սպասարկում է «Ռոսատոմը»։ Լիցկայը հիշեցրեց, որ այժմ կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ են ընթանում։
«Ռոսատոմը փորձում է հասնել նրան, որ կայանը գործի որակի բոլոր բարձրագույն չափանիշների պահպանմամբ՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում։
Որպեսզի այն լինի կայունացուցիչ և Հայաստանի զարգացման հզոր էներգետիկ հենասյուն։ Հայաստանը, հիմնվելով իր սեփական ատոմային էներգիայի վրա, կարող է ծրագրել տնտեսության զարգացումը, ապահովել իր ծրագրերի սոցիալ-տնտեսական աջակցությունը»,– ասաց նա։
Լիցկայը նաև նշեց, որ Ռուսաստանը պատրաստ է իր մշակումները փոխանցել ԲՐԻԿՍ երկրներին։
Միության մի շարք երկրներում արդեն ատոմակայաններ են կառուցվում, նոր նախագծեր են քննարկվում։
Միևնույն ժամանակ համագործակցությունը, նրա խոսքով, կառուցվում է գործընկերային պայմաններով՝ առանց քաղաքական ճնշման կամ որոշումների պարտադրման։
Ռուսաստանը, ոլորտում պահպանելով իր առաջատար դիրքը, շահագրգռված է, որ ԲՐԻԿՍ երկրներն ունենան զարգացման համար հուսալի էներգիայի աղբյուրներ։ Սա նպաստում է փոխադարձ առևտրի աճին, տնտեսական անկախության ամրապնդմանը և համաշխարհային էներգետիկ ոլորտի կայունության բարձրացմանը։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե շահագործման առավելագույն ժամկետ էր սահմանվել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվեց մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։
Sputnik Արմենիա
