«Պեռաշկի», «կուկուռուզ», թթու լավաշ՝ ուրախ ավտոբուսում։ Վերջին օրերին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջերը հեղեղված են ոչ այդքան վարչապետական տեսանյութերով։ Առաջին հայացքից սա սովորական ու անմեղ հաց ուտել է ու ժողովրդին մոտ լինելու փորձ, սակայն քաղաքական դաշտում ընկալվում է բոլորովին այլ կերպ ու հետապնդում լրիվ ուրիշ նպատակներ։
Շատերի համար սա դասական քաղաքական տեխնոլոգիա է՝ ուղղված սեփական վարկանիշի վերականգնմանը և հանրության հետ էմոցիոնալ կապի վերահաստատմանը։
Այս մասին Panorama.am-ը զրուցեց Հանրային կապերի (PR) մասնագետ Աստղիկ Ավետիսյանի հետ։ Նա նշեց, որ սա պոպուլիստական հաղորդակցության դասական մոդել է։
«Ըստ էության, այս պահին տեղի է ունենում պոպուլիստական հաղորդակցություն։ Հանրային կապերի տեսանկյունից սա այն մոդելն է, երբ քաղաքական գործիչը փորձում է իրեն ներկայացնել որպես «ժողովրդի մարդ»՝ հակադրելով իրեն էլիտային։ Այս մոտեցումը նոր չէ, սակայն այժմ այն ավելի ակնառու է դարձել, հատկապես քարոզարշավային տրամաբանության մեջ։ Այս մոդելի հիմնական գծերը հետևյալն են․ պարզ, երբեմն նույնիսկ պարզունակ լեզու և խոսույթ, զանգվածային մշակույթի տարրերի կիրառություն (օրինակ՝ ռաբիս երաժշտություն), «Ես ձեր նման եմ» ուղերձի փոխանցում հասարակությանը, հուզական ազդակների ակտիվ օգտագործում։ Այս ամենը նպաստում է նրան, որ քաղաքականությունը ներկայացվում է կենցաղային և էմոցիոնալ հարթությունում»,- նշեց Ավետիսյանը։
Մասնագետի խոսքով, մյուս կարևոր տարրը իմիջի պարզեցումն է։ Այսինքն՝ առաջնորդի կերպարը գիտակցաբար իջեցվում է «սովորական մարդու» մակարդակի՝ նվազեցնելու համար իշխանության և հասարակության միջև հեռավորությունը։ Դրա օրինակներն են՝ փողոցում կամ ավտոբուսում ուտելը, ոչ ֆորմալ վարքագիծը, հագուկապը, մարդկանց հետ անմիջական շփումը, սոցիալական ցանցերում էմոջիների և «սրտիկների» օգտագործումը։
Սա նաև կարելի է բնութագրել որպես մեդիա-պերֆորմատիվ քաղաքականություն, երբ քաղաքականությունը դառնում է տեսարան կամ շոու։ Գործողությունները հաճախ հաշվարկված են այնպես, որ ունենան տեսողական ազդեցություն և հեշտ տարածվեն սոցիալական ցանցերում։ Այս դեպքում բովանդակային քաղաքական ուղերձը հաճախ փոխարինվում է հիշվող վիզուալ դրվագներով։
«Մեկ այլ կարևոր տարր է էմոցիոնալ մոբիլիզացիան։ Առաջնորդը ստեղծում է «մենք» և «նրանք» բաժանումը՝ ակտիվացնելով կողմնակիցների հույզերը։ Սա հայտնի է որպես կոնֆլիկտային ֆրեյմինգ, որը նպաստում է նաև հասարակության բևեռացմանը։ Բացի այդ, տեղի է ունենում քաղաքական դիսկուրսի կենցաղայնացում կամ «տաբլոիդացում»․ բարձր քաղաքական լեզուն փոխարինվում է զանգվածային մշակույթի և առօրյա խոսքի ձևերով։ Արդյոք սա ազդո՞ւմ է հասարակության վրա։ Այո, որոշ հատվածի վրա ազդում է։ Մարդիկ, որոնք նախկինում զգում էին իշխանության հեռավորությունը, հիմա տեսնում են իրենց նման մեկին, ով շփվում է իրենց հետ։ Սակայն մյուս հատվածը, որը հասկանում է քաղաքական հաղորդակցության մեխանիզմները, սա ընկալում է որպես ցինիզմ կամ մակերեսային խաղ։ Նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ լուրջ խնդիրների փոխարեն ուշադրությունը շեղվում է կենցաղային դրվագներով»,- նշում է Աստղիկ Ավետիսյանը։
Նրա խոսքով, նմանատիպ հաղորդակցությունը հիմնականում կարճաժամկետ ազդեցություն ունի։ Այն հաճախ կիրառվում է այն իրավիճակներում, երբ իշխանության վարկանիշը նվազում է, և փորձում են նոր ձևերով վերականգնել հանրային աջակցությունը։
Panorama.am
