Логотип

Եվրամիությունը պաշտոնապես կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում տիրող պատերազմը

Կատարի էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները խորացնում են քաոսը։ Մերձավոր Արևելքում պատերազմը պետք է դադարի, այլ ոչ թե գնա հետագա էսկալացիայի ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Սա հավասարապես կարևոր է նաև Ուկրաինայի համար, քանի որ Ռուսաստանը կարող է շահել Իրանի դեմ մղվող պատերազմից։ Այժմ ճիշտ ժամանակն է Ուկրաինային տրամադրվող աջակցությունն ուժեղացնելու համար, այդ թվում՝ առաջ մղելով այն վարկի հարցը, որը առաջնորդները համաձայնեցրել էին դեռ դեկտեմբերին», – նշել է նա։

Ինչպես հաղորդում է Tasnim-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կալասը խորը մտահոգություն է հայտնել անվտանգային, հումանիտար և տնտեսական ոլորտների վրա պատերազմի հետևանքների վերաբերյալ՝ վերահաստատելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին ԵՄ դիրքորոշումը։

Արաղչին կոշտ քննադատության է արժանացրել «որոշ եվրոպական երկրների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների երկերեսանի մոտեցումը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայի նկատմամբ»։

Նա հայտարարել է, որ ցանկացած աջակցություն կամ հանդուրժողականություն, որը դրսևորվում է «այդ երկու ռեժիմների» կողմից իրականացվող բացահայտ խախտումների նկատմամբ, «հանցակցություն կդիտարկվի այն հանցագործությունների նկատմամբ, որոնք նրանք իրականացվում են իրանցի ժողովրդի դեմ»։

Արաղչին Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տիրող ներկայիս իրավիճակը բնութագրել է որպես Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի ուղղակի արդյունք։ Նա զգուշացրել է այն վտանգավոր հետևանքների մասին, որոնք բխում են Իրանի դեմ պատերազմի մեջ այլ երկրների ներգրավելու Ամերիկայի ծրագրերից։

«Եթե ԵՄ-ն և եվրոպական երկրներն իսկապես մտահոգված են տարածաշրջանում խաղաղությամբ և անվտանգությամբ, նրանք պետք է անպատասխանատու դիրքորոշում որդեգրելու փոխարեն ճնշում գործադրեն ագրեսորների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն իրանցի ժողովրդի դեմ ռազմական գործողությունները», – հայտարարել է նա։

News.am