Логотип

ՀՀ-ում մարդկանց հետապնդում են ֆեյսբուքյան «քոմենթի» պատճառով. զգուշացնում է փաստաբանը

Հայաստանում մարդկանց հետապնդում են խոսքի և կարծիքի համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ նախազգուշացնելով քաղաքացիներին, որ զգույշ լինեն սոցիալական ցանցերում գրառումներ անելիս։

«Լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ է եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքյան քոմենթի պատճառով․․․ Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում»,- հայտնում է Ֆարմանյանը։

Նրա խոսքով՝ այսօր Քննչական կոմիտեն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո «քոմենթ» գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին։

«Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով, իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով»,- հավելում է Ֆարմանյանը:

Նշենք, որ առաջին հոդվածը՝ 422-րդը, վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, իսկ 330-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։

«Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»»,- եզրափակում է փաստաբանը։

Sputnik Արմենիա