Գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նամակ է հղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ խնդրելով պարզաբանում ներկայացնել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի վերաբերյալ։
Ռուբեն Վարդանյանի կինը նշել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։
Նա նշել է, որ պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։
«Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին»,- գրում է Զոնաբենդը։
Մասնավորապես, նա խնդրել է պարզաբանել, թե արդյոք Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրանց այցելել է որպես ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր (քաղաքացիական անձինք, ովքեր պատերազմի կամ զինված հակամարտության ժամանակ հարկադրաբար տեղափոխվել կամ պահվում են որոշակի վայրում խմբ․), թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։
Ռուբեն Վարդանյանի կինը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ ընդգծելով, որ գնահատում են ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերը Վարդանյանին և մյուս հայերին ադրբեջանական կալանավայրում, ինչի հնարավորությունը 2025թ․ սեպտեմբերի 3-ից հետո այլևս չկա։
Sputnik Արմենիա
