Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը Բրյուսելում: Առաջարկներից մեկին՝ կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերվող հայտարարություններ անելուց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ: Այս մասին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Սա նշանակում է՝ իրենց մեկ է Ադրբեջանը կարծիք կհայտնի Հայաստանի ծանրության փոփոխության մասին, թե՝ ոչ: Այդ հայտարարության հետ կապված մի քանի տեղեկացում ունեմ ձեզ ասելու, որովհետև քարոզչամեքենան հաստատ դրա մասին չի խոսի։
Ես ներկայացրել էի շուրջ 6 առաջարկ, որոնցից մեծամասնությունը իհարկե չընդունվեց, բայց էական է՝ դրանցից 2-ի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։
Երկրորդ խայտառակությունն է այն, որ արդեն որերորդ անգամ, ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկում Ցեղասպանության վերաբերյալ առաջարկը ներառել հայ-թուրքական հարաբերությունների հայտարարության մեջ: Բարելավման համատեքստում՝ Հայոց ցեղասպանության հարցի պահպանմանը, պարզվում է՝ ՔՊ-ն դեմ է, չնայած չի պարզվում, դա մենք վաղուց գիտեինք:
Կա նաև մեկ կետ, որտեղ Եվրոպական Միությունը նշում է, որ հաշվի է առել, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, կոչ է անում ժողովրդավարությունը ֆունդամենտալ իրավունքները պահպանել և այլն, բայց սա՝ համեմատած նախորդ մերժողականությանը, որ փորձում էին ներկայացնել, իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ նկատում են, որ կան Հայաստանում քաղաքական և քաղաքացիական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի և իրավապահ համակարգի օգտագործման, քաղաքական նպատակներով օգտագործման մասին»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Մամիջանյանը շեշտեց, որ երևի, երբ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն ու քաղբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ կարող է հասնենք նրան, որ Եվրոպական կառույցները հստակ նշեն՝ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրներ:
