Գործարար, բարերար «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դեռ սպասում է, որ Քննչական կոմիտեն տրամադրի Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվությունը։ Այս մասին հայտարարել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ մարտի 19–ին ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը կարող է հանդես գալ ուղիղ եթերում, կարող է օգտվել իր ձեռքի տակ եղած հնարավորություններից, դրանում ոչ մի խոչընդոտ չկա։
«Դեռ սպասում ենք քննչականի որոշմանը Սամվել Կարապետյանի` տեսաուղերձով հանդես գալու թույլտվության վերաբերյալ, որի համար դիմել էինք հունվարին, փետրվարին, մարտին»,–նշել է Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ արդեն փաստ է` Պրոբացիայի ծառայությունը չէր կարող տեսաուղերձով հանդես գալու վերաբերյալ Սամվել Կարապետյանին թույլտվություն տալ կամ չտալ, դա Քննչական կոմիտեի գործառույթն է, որը փաստում է նաև ՔԿ հայտարարությունը։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդևանյանը նշել էր, որ Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու հարցը այս տարվա մարտի 13–ի դատական նիստի ընթացքում է ներկայացրել, սակայն ո՛չ քննիչը, ո՛չ դատարանը տեսաուղերձի հրապարակման վերաբերյալ իրենց համաձայնությունը կամ թույլատրելիությունը չեն արձանագրել. դատարանը թույլտվություն տալու իրավասությունը թողել էր քննիչի վրա։
Դատական այս ակտը Վարդևանյանը առձեռն ստացել է մարտի 17–ին և արդեն իսկ մարտի 18–ին քննիչին ներկայացրել է միջնորդություն, որպեսզի նա թույլատրի Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։
