Логотип

ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակած անձինք 4 տարվա ազատազրկման են դատապարտվել

ՀՀ քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով մեղադրյալներ Գոռ Թադևոսյանը և Էդգար Գրիգորյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Գրիգորյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանի` մարտի 18–ին կայացրած վճռի համաձայն` Գոռ Թադևոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը և Էդգար Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանքն անփոփոխ են մնացել։

Դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո կքննարկվի վճռի բողոքարկման հարցը։

Հիշեցնենք` մայիսի 22-ին հայտնի դարձավ, որ անհայտ անձը մայիսի 20-ին քննիչի կեղծ վկայականով մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Նա ՔԿ շենք է մուտք գործել աշխատանքային ժամին (16։30-ի սահմանում) ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։

Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ գումարի հիմնական մասը` 578․800 դոլարը, հայտնաբերվել է, խմբի անդամների ինքնությունը, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը բացահայտվել են:

Մայիսի 26-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց գործով 2 անձ է կալանավորվել, այդ թվում՝ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետ Գոռ Թադևոսյանը։