Логотип

«Ես ուզում եմ գիրք գրել, որ հայտնի դառնամ». Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Հայկազ Մկրտչյանի երազանքը կյանքի կոչվեց

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում մարտի 19-ին կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակ Արևիկ Մկրտչյանը, որը Հայկազ Մկրտչյանի քույրն է, ասաց, որ Հայկազի մասին գիրք գրելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ զոհվելուց հետ նրա ուսապարկում գտել են նոթատետր որտեղ ռուսերենով գրված է եղել. «Ես ուզում եմ գիրք գրել, որ հայտնի դառնամ»։

«Գիրքը ստեղծվել է Հայկի հրամանատարների, զինակից ընկերների, հարազատների հիշողությունների հիման վրա։ Գրքում տեղ է գտել նաև Հայկի մարտական ուղին հուլիսյան մարտական գործողությունների և 44-օրյա պատերազմի ժամանակ»,- պատմեց Արևիկ Մկրտչյանը։

Շնորհանդեսին ներկա էին հերոսի հարազատները, ընկերներն ու զինակիցները։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց փաստավավերագրական ֆիլմ Հայկազ Մկրտչյանի կյանքի և 2 պատերազմներում նրա անցած մարտական ուղու մասին։

«Գրքում տեղ գտած հիշողությունների մեծ մասի մասին մենք գիտեինք, որովհետև Հայկը չուներ ինչ-որ մի բան չասելու, կամ թաքցնելու բնավորություն»,- ասաց Հայկազ Մկրտչյանի մայրը Աննա Մկրտչյանը։

Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ Ավարտել է Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը։ Ավագ դպրոցին զուգահեռ սովորել է նաև Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի նախապատրաստական կուրսում։

2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։Ծառայում էր Տավուշի, Մեհրաբ զորամասում: 2018 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Կրտսեր սերժանտ էր, ականանետային հաշվարկի հրամանատար:

Հուլիսյան մարտերին Հայկազը եղել է ռազմական գործողությունների կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ, կարողացել է պատճառել հակառակորդի կենդանի ուժի մեծ կորուստ, արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալին:

Հայկազ Մկրտչյանը մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի, Սիրիգի, Ազոխի, Մեծ Թաղերի, Կարմիր Շուկայի, Մարտունու, Սարուշենի և այլ մարտերին: Հայկազը վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայի մոտակայքում, իր 20-ամյակից 2 օր առաջ:

Թեև վիրավորումը շատ ծանր է եղել, բայց 12 օր պայքարել է կյանքի համար, անմահացել է նոյեմբերի 9-ին, պատերազմի ավարտից մեկ ժամ առաջ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

News.am