Հոլիվուդը կորցրեց իր լեգենդներից մեկին. կյանքից հեռացել է Չակ Նորիսը: Լեգենդար դերասանը և մարտարվեստի վարպետը 86 տարեկան էր։
Նորիսը հինգշաբթի օրը հոսպիտալացվել էր Հավայան կղզիներում․ նրա ընտանիքը նրա մահվան մասին հայտարարել է ուրբաթ օրը։
«Մենք ցանկանում ենք գաղտնի պահել հանգամանքները, բայց նա մահացել է ընտանիքի շրջապատում և խաղաղության մեջ»,-ասվում է հայտարարության մեջ։
«Աշխարհի համար նա մարտարվեստի վարպետ էր, դերասան և ուժի խորհրդանիշ: Մեզ համար նա սիրող ամուսին, հայր և պապիկ էր, անհավատալի եղբայր և մեր ընտանիքի սիրտը»,-հավելել է նրա ընտանիքը:
Նրանք նշել են, որ դերասանն ապրել է իր կյանքը հավատքով, նպատակասլացությամբ և իր սիրելի մարդկանց հանդեպ նվիրվածությամբ՝ ոգեշնչելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։
ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ԼԵԳԵՆԴԸ
Ի տարբերություն իր շատ հասակակիցների, Նորիսը ավելին էր, քան պարզապես դերասան. նա իսկական մարզական հեղինակություն էր: Նա սև գոտիներ ուներ մի քանի մարզաձևերում, այդ թվում՝ ձյուդո, կարատե, թեքվոնդո և բրազիլական ջիու-ջիթսու։
Նա լայն ճանաչում ձեռք բերեց Բրյուս Լիի հետ «Վիշապի ճանապարհը» ֆիլմում մենամարտից հետո, որտեղ նա խաղում էր լեգենդար վարպետի գլխավոր մրցակցի դերը։
1970-ական և 1980-ական թվականներին Նորիսը դարձավ մարտաֆիլմերի առաջատար դեմքը՝ նկարահանվելով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դելտա ուժը», «Անհետ կորածները գործողության մեջ» և «Միայնակ գայլ Մաքքուեյդը»։
Ավելի ուշ նա վերադարձավ էկրան «Անզուսպները 2» ֆիլմում՝ այլ աստղերի հետ միասին։
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ և ՊԱՇՏԱՄՈՒՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ
Երբ նրա կինոկարիերան անկում ապրեց, Նորիսը հաջողությամբ անցավ հեռուստատեսություն։ «Ուոքեր, Տեխասի ռենջեր» սերիալը հեռարձակվեց 1993-ից 2001 թվականներին և դարձավ մեծ հիթ՝ ամրապնդելով դերասանի կարգավիճակը՝ որպես «ամերիկյան հերոս»։
ՄԵՄԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վերջին տարիներին Նորիսը դարձել էր ինտերնետային երևույթ՝ շնորհիվ իր «գերուժերի» մասին մեմերի՝ մանրէների 100% ոչնչացման մասին կատակներից մինչև քարի, թղթի և մկրատի միաժամանակյա հաղթահարումը։
Նա նաև նկարահանվել է ֆիթնես սարքավորումների գովազդներում և եղել է պահպանողական քաղաքական հայացքների ակտիվ կողմնակից, ինչպես նաև գրել է գրքեր քրիստոնեական և հայրենասիրական թեմաներով։
ԿՅԱՆՔԸ՝ ԷԿՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Դերասանը ծնվել է Օկլահոմայում՝ Կառլոս Ռեյ Նորիս անունով։ ԱՄՆ ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո նա բացել էր կարատեի դպրոցների ցանց, որի ուսանողների թվում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Սթիվ Մաքքուինը և Պրիսցիլա Փրեսլին։
Նորիսը երկու անգամ ամուսնացած է եղել և ունի հինգ երեխա և մի քանի թոռներ։
News.am
