Логотип

Սողոմոնյան․ Ազգային ժողովի ընտրությունները կփոխեն Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ընտրությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Դրանց արդյունքը կորոշի նաև հայ-ռուսական հարաբերությունների ապագան»,– կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:

Փորձագետի կարծիքով` ԱԺ ընտրությունների արդյունքները կազդեն ոչ միայն Հայաստանի ապագա քաղաքական կյանքի և Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա:

Այդ ընտրությունները Երևանի և Բրյուսելի մերձեցման ֆոնին կարող են դառնալ «մարտ Կովկասի համար»: Սողոմոնյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրություններից մեկ ամիս առաջ Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

«Եվ բոլորովին վերջերս (ընդլայնման հարցերով եվրահանձնակատար) Մարթա Կոսը Հայաստան է այցելում… ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին և Ռուսաստանի միջամտությանը դիմակայելու համար։ Այսինքն` աննախադեպ աջակցություն է իրականացվում, ինչը ամենավառ ցուցանիշն է այն բանի, որ առաջիկա ընտրությունը մարտ է Կովկասի համար», – ասել է Սողոմոնյանը։

Սողոմոնյանը վստահ է, որ բուն Մոսկվայում, չնայած վերջին հայտարարություններում առկա որոշակի կոշտության, հայ ժողովրդի նկատմամբ հարգալից վերաբերմունք կա։ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքը մնում է Հարավային Կովկասում անվտանգության հիմքը, սակայն եթե ներկայիս ռեժիմը պահպանվի, ապա երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից և անցումը Թուրքիայի հովանավորության տակ անխուսափելի է։

Sputnik Արմենիա