Логотип

Իսրայելում փակ են հայկական եկեղեցիները և Սուրբ Հարության տաճարը. ինչպես են տոնելու Զատիկը

Հայկական տաճարների, ինչպես նաև Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի (Հիսուսի գերեզման) մուտքերը փակ են անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ, հոգեշնորհ տեր Տիրան վարդապետ Հակոբյանը` հավելելով, որ, եթե այս իրավիճակը շարունակվի, զատկական խոշոր արարողությունները կարող են չեղարկվել և անցկացվել միայն հոգևորականության մասնակցությամբ։

Իսրայելի և ԱՄՆ-ի` Իրանի դեմ փետրվարի 28-ի առավոտյան սկսած ռազմական գործողություններից հետո Իսրայելի իշխանությունները կարգադրել են փակել բոլոր հասարակական վայրերը, սրբավայրերը՝ հրեական, քրիստոնեական և մահմեդական: Սուրբ Հարության տաճարում հոգևորականները կատարում են ամենօրյա ծիսակարգերը, սակայն քաղաքացիները դրանց չեն մասնակցում:

«Երկրում ընդհանուր իրավիճակը անհանգստացնող է, լարված, պատերազմ է ընթանում։ Մենք չգիտենք, թե ինչ հետևանքների կհանգեցնեն հրթիռային հարվածները։ Ընդ որում` Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է արդյունավետ և հարաբերական անվտանգության զգացողություն է ստեղծում: Այնուամենայնիվ, առօրյա կյանքը զգալիորեն խաթարված է: Փակ են դպրոցները, խանութները, սահմանափակված է տեղաշարժը, օդանավակայանը չի գործում: Մարդիկ ստիպված են մնալ տանը, երեխաներն անցել են հեռավար ուսուցման, որը, ինչպես նշվում է, չի կարող լիարժեք փոխարինել առկա կրթությանը»,– ասաց նա։

Հոգևորականի խոսքով` այս պահին սննդամթերքի դեֆիցիտ չկա, սակայն խանութներն աշխատում են սահմանափակ ռեժիմով. շատերը բացվում են շաբաթական ընդամենը մի քանի ժամով, իսկ բնակիչները գնումներ են կատարում միանգամից երկար ժամանակահատվածի համար: Վարդապետը նշեց, որ հայ համայնքը կենտրոնացած է մի քանի առանցքային կետերում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Հայֆա, Բեթղեհեմ, ինչպես նաև Պետախ Տիկվա, Բատ Յամ, Հոլոն:

«Վերջին տեղեկություններով՝ հայ համայնքի շրջանում զոհեր կամ տուժածներ չկան: Մի քանի օր առաջ հրթիռի բեկորներից մեկն ընկել է Սուրբ Հարության տաճարի շրջակայքում՝ գմբեթից մոտ 100 մետր հեռավորության վրա, հույն հոգևորականներից մեկի տան տանիքին։ Փոքր բեկորներ են ընկել նաև Հին քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ հայկական, հրեական, մահմեդական և քրիստոնեական թաղամասերում: Զգալի վնասներից և մարդկային զոհերից հաջողվել է խուսափել»,– ավելացրեց վարդապետը:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ եթե ներկայիս իրավիճակը պահպանվի, զատկական խոշոր արարողությունները կարող են չեղարկվել: Նրա խոսքով` միայն հոգևորկանները` սահմանափակ կազմով, կհավաքեն Սուրբ Հարության տաճարում։ Ինչ վերաբերում է Սուրբ Լույսի իջեցման արարողությանը, ըստ նրա, այն անպայման կկայանա, թեպետ հոգևորականների նեղ շրջանակում:

«Այն ավանդաբար համատեղ իրականացնում են հայկական և հունական եկեղեցիների ներկայացուցիչները. պատրիարքը կամ նրա ներկայացուցիչը մտնում է Կուվուկլիա` Քրիստոսի գերեզմանի մատուռ, նրա հետ միասին՝ հայ հոգևորականը, որից հետո լույսը դուրս է բերվում»,– մանրամասնեց հոգևորականը։