Логотип

ԱՄՆ-ն 30 օրով չեղարկել է իրանական նավթի ծովային գնումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս ուրբաթ 30 օրով չեղարկել է իրանական նավթի ծովային գնումների նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ փորձելով նվազեցնել նավթի գները, որոնք կտրուկ աճել էին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտնել է, որ այս որոշման շնորհիվ համաշխարհային շուկա դուրս կբերվի մոտ 140 միլիոն բարել նավթ, ինչը կօգնի մեղմել էներգակիրների մատակարարման լարվածությունը։

Այս քայլն արտացոլում է Սպիտակ տան մտահոգությունն այն մասին, որ Իրանին հասցված շուրջ երեք շաբաթ տևած ամերիկա-իսրայելական հարվածներից հետո նավթի գների թռիչքաձև աճը կարող է վնասել ամերիկյան բիզնեսին և սպառողներին։ Սա հատկապես կարևոր է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ, որտեղ նախագահ Թրամփի հանրապետական կուսակիցները հույս ունեն պահպանել Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը։

ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված լիցենզիայի մեջ նշվում է, որ իրանական նավթը կարող է ներկրվել Միացյալ Նահանգներ՝ որպես բացառություն, երբ դա անհրաժեշտ է վաճառքի կամ մատակարարման գործընթացն ավարտին հասցնելու համար։

Գործակալությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ն գրեթե իրանական նավթ չի ներկրել այն ժամանակվանից ի վեր, երբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել 1979 թվականի հեղափոխությունից հետո։ Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք պատժամիջոցների չեղարկման արդյունքում իրանական նավթն իրականում կհասնի Միացյալ Նահանգներ, թե՞ ոչ։

Կուբան, Հյուսիսային Կորեան և Ղրիմը այն տարածաշրջանների թվում են, որոնց վրա չի տարածվում սույն արտոնագիրը (այն գործելու է մինչև ապրիլի 19-ը)։ Ակնկալվում է, որ այս քայլը ձեռնտու կլինի հատկապես Ասիային՝ մերձավորարևելյան նավթի խոշորագույն գնորդին։ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ մատակարարումները կարող են Ասիա հասնել 3-4 օրվա ընթացքում, իսկ վերամշակումից հետո շուկայում հայտնվել մոտ մեկուկես ամսվա ընթացքում։

News.am