Логотип

Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել ԵԽ-ին ՀՀ-ում նախատեսված ընտրություններից առաջ գնահատել մարդու իրավունքների իրավիճակը

Ամերիկացի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը կոչ է արել Եվրախորհրդարանին առաքելություն ուղարկել Հայաստանում ժողովրդավարության, դատական ​​համակարգի և կրոնական ազատության գնահատման համար։

Նման հորդորով բաց նամակը նա ուղարկել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։

Ամստերդամը հայտնել է, որ ներկայանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անունից, որի քաղաքական ուժը պաշտոնապես հայտարարել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Նա հիշեցրել է, որ Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից գտնվում է կալանքի տակ և ներկայումս պահվում է տնային կալանքի պայմաններում՝ նախկինում շուրջ 200 օր պահվելով հատկապես ծանր կալանավորման պայմաններում։

Փաստաբանի խոսքով՝ խափանման միջոցի երկարաձգումը ևս մեկ ամսով էապես սահմանափակում է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին նրա լիարժեք մասնակցության հնարավորությունը։

Ամստերդամը Եվրախորհրդարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ նման որոշումները կարող են վկայել քաղաքական հետապնդման մասին և, միաժամանակ, դիտարկվել որպես միջամտություն ընտրական գործընթացին։

Նա նշել է, որ Կարապետյանը, փաստացի, զրկված է քաղաքական գործունեության առանցքային փուլերին մասնակցելու հնարավորությունից, ներառյալ՝ կուսակցական ներքին ընթացակարգերը ցուցակների ձևավորման համար, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 23-ը։

Իրավաբանը շեշտել է, որ ընտրությունների նախաշեմին անկախ առաքելությունը կարող է կարևոր դեր խաղալ հիմնարար ազատությունների հետագա թուլացումը կանխելու գործում, և պատրաստակամություն է հայտնել Եվրախորհրդարանին տրամադրել բոլոր անհրաժեշտ նյութերը։

Ըստ նրա գնահատականի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայ Առաքելական եկեղեցու հասցեին չեն արտահայտում հայ հասարակության ճնշող մեծամասնության դիրքորոշումը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, իսկ եկեղեցին դարեր շարունակ մնում է ազգային ինքնության առանցքային տարրը և ամենահարգված հանրային ինստիտուտներից մեկը։

Նամակում նշվում է նաև, որ եկեղեցու դեմ իշխանությունների արշավը նախադեպը չունի երկրի նորագույն պատմության մեջ և լուրջ հարցեր է առաջացնում սահմանադրական իրավունքի, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների և միջազգային իրավունքի տեսանկյունից։

Իրավաբանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը դուրս է քաղաքական հակամարտության շրջանակներից և մարտահրավեր է կրոնական ազատությանը, իրավունքի գերակայությանն ու Եվրոպայի առջև ՀՀ ժողովրդավարական պարտավորություններին։

Նա նաև ուշադրություն է հրավիրել ֆեյսբուքյան էջում Փաշինյանի հրապարակումներին՝ ուղղված Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և եկեղեցուն, որոնք, ըստ նրա, պարունակում են վիրավորական ձևակերպումներ և հասարակության մեջ բացասական արձագանք են առաջացնում։

«Հատկանշական է, որ նույն անձնավորությունը, ով արել է այդ հայտարարությունները, ընդամենը օրեր առաջ ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում և արժանացավ ծափահարությունների։ Ողջամիտ կլիներ ակնկալել, որ նման ճանաչում շնորհելուց կամ խորհրդարանի ներսում հարթակ տրամադրելուց առաջ պատշաճ ուշադրություն դարձվեր բանախոսի հանրային վարքագծին և գործունեությանը»,- հավելել է նա։

Ամստերդամը նաև նշել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններից հետո Բաքվի բանտերում պահվող հայ քաղաքացիների խնդիրը։ Ըստ Ամստերդամի՝ նրանց ազատ արձակման ուղղությամբ իշխանությունների կողմից տեսանելի ջանքերի բացակայությունն ուժեղացնում է հանրային անհանգստությունը։

Armenia Today