Логотип

Միրզոյան․ Երևանն ու Բաքուն չեն բանակցում Սահմանադրության փոփոխության շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխությանը վերաբերող որևէ հարց չեն բանակցել ու չեն բանակցում, դա Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների առարկա և թեմա չէ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցին։

«Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ չկա։ Երբ մենք ասում ենք՝ չենք կարող Սահմանադրությունը քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, իրենք ասում են՝ շատ լավ, դա մենք չենք բանակցում, չենք պահանջում, ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք՝ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձևակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել (խաղաղության համաձայնագիր. խմբ.)»,- ասաց Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ Երևանն էլ բազմիցս ասել է՝ եթե որևէ խնդիր որևէ մեկը տեսնում է մեր Սահմանադրության մեջ, ապա հավասարապես և գուցե ավելին կարելի է տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։

Հայկական կողմը շարունակում է պնդել, որ նման տարբեր խնդիրների ու մտահոգությունների լուծումն ու հասցեագրումը հենց համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով վերջ կդրվի բոլոր տարընթերցումներին։ Միրզոյանը հավելեց, որ այստեղ Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են և չեն համընկնում։ Նրա խոսքով` եթե համընկնեին, համաձայնագիրը գուցե արդեն ստորագրված ու վավերացված լիներ։

Միրզոյանը նշեց` ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը շատ ավելի վաղ է բարձրացվել, որը հետաձգվել է տարբեր պատճառներով։

Sputnik Արմենիա