Логотип

Միրզոյան․ Եթե ընդդիմադիրները գան իշխանության՝ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանը պայմանական է ասել, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չլինի իշխանության։

«Նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել՝ միանշանակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Նա պնդեց՝ ընդդիմադիրների գաղափարախոսությունն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, պահանջներ ունենք։

«Ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ, եթե գան իշխանության, անմիջապես խնդիր է առաջանալու հարևանների հետ, շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ»,- ասաց Միրզոյանը։

ՔՊ-ականը նշեց, որ իրենք առաջարկում են խաղաղություն այլ պայմաններում, իրենց խորը համոզմամբ, Հայաստանի գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ։

Լրագրողի դիտարկմանը, որ իրենց իշխանությունը չորս պատերազմ է բերել «այս երկրի գլխին»՝ նա արձագանքեց, թե իրենք պատերազմ չեն բերել, պատերազմը հետևանք է եղել։

«Այո՛, եղել է մեր օրոք, բայց եղել է 30+ տարիների սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու հետևանքով, չհասկանալու հետևանքով, բայց որ մենք ենք բերել՝ մեծ չափազանցություն է»,- նշեց Միրզոյանը։

Aysor.am