Логотип

Մանասարյան․ TRIPP-ի թեման փակ է. Իրանը չի թողնի բացել այն, եթե հաղթի, եթե պարտվի, ԱՄՆ-ին Սյունիքը պետք չի լինի

Իրանի դեմ պատերազմի հետևանքով TRIPP-ի՝ Թրամփի ուղու ստեղծման թեման այլևս փակ է, NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, Չինաստանում և մի շարք այլ երկրներում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասարյանը։

«Այս պատերազմը երկու ելք ունի՝ մեկը պետք է պարտվի. թե պարտվոն ինչ կհայտարարի հետո, դա երկրորդային է։ Պատկերացնենք՝ Իրանը տապալվում է. այդ դեպքում սարսափելի ծանր ռելիեֆով տարածքում 50-60 կմ ճանապարհ կառուցելն ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք լինելու, եթե Իրանի տարածքն անցնելու է իր ձեռք տակ։ Հակառակ սցենարը՝ ԱՄՆ-ը չի կարողանում հաղթել և դուրս է գալիս պատերազմից. այդ դեպքում Իրանը թույլ կտա, որ իր հյուսիսով նման ճանապա՞րհ կառուցվի…»,- նշել է Մանասարյանը։

Նրա կարծիքով՝ Ալիևը հիմա պետք է փակի պարտքերը և վճարի արցախյան հարցը լուծելու համար Իսրայելից ստացած օգնության դիմաց, և ամեն ինչ արվելու է, որպեսզի Ադրբեջանը նոր ճակատ բացի Իրանի դեմ։ Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, Մանասարյանը հավանական է համարում, որ պատերազմը կարող է տեղափոխվել նաև Հայաստանի տարածք, անգամ, եթե Հայաստանն անմիջականորեն ներգրավված չլինի դրանում և փորձի խուսափել այդ սցենարից։