Логотип

Երևանի մամուլի շենքի նպատակային նշանակությունը կփոխվի. ի՞նչ է լինելու դրա փոխարեն

Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։

«ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճարտարապետական ինքնատիպության, ճանաչելիության և պատմամշակութային արժեքի պահպանմանը»,– գրված է Տուն Էքսպոյի ֆեյսբուքյան էջում։

Էքսպոյի էջից պարզ է դառնում, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարը ներկայացնելու է «PROSPECT24» ՓԲԸ-ն։

Պետական գույքի կառավարման կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Արշակունյաց 4 հասցեում գտնվող Մամուլի շենքի օտարման նախագիծ կա, որը մշակվում է «PROSPECT24»-ի կողմից։

Կոմիտեից հայտնեցին, որ էքսպոյին ներկայացվելու են նաև այլ գույքային միավորներ։