Վաշինգտոնն Իրանի նկատմամբ գործողությունների չորս տարբերակ ունի, սակայն դրանք բոլորն էլ վատն են ԱՄՆ-ի համար։ Նման եզրակացության է եկել բրիտանական The Economist ամսագիրը՝ Մերձավոր Արևելքի հակամարտությանը նվիրված վերլուծական հոդվածում։
«Գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այս պատերազմը սկսել է թերի ռազմավարությամբ՝ սկսած այն բանի կանխատեսման անհնարինությունից, որ Իրանը կփակի [Հորմուզի] նեղուցը։ Հարվածների չորրորդ շաբաթվա ժամանակ [ԱՄՆ-ն] ունի հետագա գործողությունների չորս տարբերակ», – գրում է ամսագիրը։ Այն հստակեցնում է, որ ամերիկյան վարչակազմը կարող է վարել բանակցություններ, ավարտել, շարունակել կամ ուժեղացնել ռազմական գործողությունը, սակայն ենթադրում է, որ այդ տարբերակներից որևէ մեկի օգտին ընտրություն դեռևս չի կատարվել, «որովհետև դրանցից ոչ մեկը լավը չէ»։
The Economist-ը գրում է, որ բանակցությունների գաղափարը բարդ է թվում՝ հաշվի առնելով, որ վերջին երկու դեպքում էլ ԱՄՆ-ն Իրանին հարվածներ է հասցրել Թեհրանի հետ քննարկումների թեժ պահին։ Բացի այդ, պարբերականը դժվարություններ է կանխատեսում միջնորդի ընտրության հարցում, ինչպես նաև մատնանշում է երկու կողմերի մաքսիմալիստական պահանջները։
Ներկա պահին հակամարտության ավարտը և հաղթանակի հռչակումը չեն փարատի Իսլամական Հանրապետության ունեցած հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները, ինչպես նաև չեն կարող արագորեն նվազեցնել էներգակիրների գները, քանի որ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ամբողջությամբ կմնա Իրանին, կարծում են ամսագրի վերլուծաբանները։ Բացի այդ, Վաշինգտոնը ռիսկի է դիմում փչացնել հարաբերությունները Պարսից ծոցի դաշնակիցների հետ, քանի որ ԱՄՆ-ն ստիպված կլինի նահանջել Մերձավոր Արևելքում իր առանցքային դիրքից, որը երաշխավորում էր տարածաշրջանից նավթի անվտանգ հոսքերը։
Ինչ վերաբերում է երրորդ տարբերակին՝ ռազմական գործողությունների շարունակմանը, ապա, The Economist-ի գնահատմամբ, չկան երաշխիքներ, որ այդ ջանքերը հաջողությամբ կպսակվեն, քանի որ իր համար ամենածանր իրավիճակում Իրանը կկարողանա հարվածներ հասցնել հարևան երկրներին և արգելափակել Հորմուզի նեղուցը։
Վերջապես, հակամարտության էսկալացիան, ինչպես նշվում է հոդվածում, հազիվ թե հնարավոր լինի առանց այս կամ այն ձևի ցամաքային գործողության՝ իր բոլոր ուղեկցող ռիսկերով։ Դրա արդյունքում Իրանը կարող է նոր հարվածներ հասցներ հարևան երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին։
