Логотип

Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է

Երևանի ծննդատներից մեկում արձանագրվել է ծննդկանի մահ։ ՀՀ առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում՝ գիտակցության կորուստ։

«Բժշկական թիմի կողմից արվել են հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և առողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի` 3–րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,– նշել են նախարարությունից։

Նորածնի առողջական վիճակը այս պահին գնահատվում է կայուն ծանր։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։