Логотип

Արցախի պետնախարար․ Մետրոյի միջադեպը ՀՀ իշխանության իրական դեմքն է

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի կնոջ միջև մետրոյում տեղի ունեցած միջադեպը պատահական չի համարում։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Սա ՀՀ իշխող թիմի իրական պատկերն է, նրանց վերաբերմունքի բացահայտ դրսևորումը սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա այս իշխանությունների էությունն է։ Սկզբում՝ վիրավորանք։ Հետո՝ դասական մանևր․ «Ես նման բան չեմ ասել»։ Եվ վերջում՝ «պատրաստ եմ ներողություն խնդրել» գրառումը։ Սա ոչ թե սխալ է, այլ վարքագիծ։ Սա իշխանության իրական դեմքն է՝ պատասխանատվությունից խուսափելու համար նախ հերքում են ակնհայտը, ապա փորձում «մարել» հետևանքները»,– գրել է նա։

Իսկանդարյանի կարծիքով` խնդիրը միայն Փաշինյանի ձևակերպումները չեն, այլ այն քաղաքականությունը, որի հետևանքով արցախցին այսօր դարձել է անպաշտպան, հայտնվել է սոցիալական ծանր պայմաններում և հաճախ կանգնած է արտագաղթի առաջ։ Արցախի պետնախարարը հավելել է, որ տեղի ունեցածը մեկ միջադեպ չէ, այլ համակարգ է, որը պետք է փոխվի։

Հիշեցնենք` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երևանյան քարոզարշավը մարտի 22-ին ուղեկցվել էր աղմկահարույց միջադեպով։ Երևանյան մետրոյում նա սկսել էր բղավելով խոսել արցախցի երիտասարդ կնոջ հետ, որ հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» էր անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։ Ավելի ուշ Փաշինյանը հայտնել էր, որ ներողություն է խնդրում արցախցի կնոջից։

Sputnik Արմենիա