Логотип

Լավրով․ Իրանի դեմ պատերազմը սպառնում է համաշխարհային առևտրին և էներգետիկ անվտանգությանը

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ է դնում առևտուրն ու էներգետիկ անվտանգությունն ամբողջ աշխարհում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի դեմ կոշտ ռազմական ագրեսիան լուրջ ռիսկեր է ստեղծում միջազգային տրանսպորտային և գործարար հաղորդակցությունների համար։

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է որպես արևմտյան փոքրամասնություն կազմող պետությունների փորձեր՝ պահպանելու իրենց գերիշխանության մնացորդները միջազգային ասպարեզում։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Իրանի և նրա հարևանների միջև կատարվողի նկատմամբ։ Մոսկվան համոզված է, որ միայն Մերձավոր Արևելքի երկրների միավորումն է բխում տարածաշրջանի շահերից, այլ ոչ թե ուժն ու հարկադրանքը։ ՌԴ–ն պատրաստ է միանալ Իրանի շուրջ միջնորդական ջանքերին. Մոսկվան այս հարցերն ու գնահատականները փոխանցում է Թեհրանին։

Անդրադառնալով Իրանին հասցվող հարվածներից առաջացած միջուկային անվտանգության սպառնալիքների մասին ՄԱԳԱՏԷ-ի արձագանքին՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն այն ոչ ադեկվատ է որակել։

«ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, կասեի, բավական ոչ ադեկվատ է արձագանքում անմիջական այն սպառնալիքներին, որոնք ստեղծվում են միջուկային անվտանգության համար սանձազերծված ագրեսիայի արդյունքում», – ասել է նա։

Մարտի 17-ին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպությունը հայտնեց, որ «Բուշեր» ատոմակայանին արկ է հարվածել, զոհեր կամ նյութական վնասներ չեն եղել։ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույն օրը պարզաբանեց, որ հարվածը հասցվել է չափագիտական ծառայության շենքին հարող տարածքին, որը գտնվում է «Բուշեր» ատոմակայանի արդյունաբերական հարթակում՝ գործող էներգաբլոկի հարևանությամբ։

Sputnik Արմենիա