Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակվել Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հանրային կապերի գծով տեղակալ Մոհամմադ-Մեհդի Թաբաթաբային։
«Հաշվի առնելով Իրանի հոգևոր առաջնորդի կարծիքը և նրա համաձայնությամբ՝ Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ-Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար»,-X սոցիալական ցանցում գրել է Թաբաթաբային։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ սպանված Ալի Լարիջանիի փոխարեն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած Սայիդ Ջալիլին։
Լարիջանին, որին փոխարինելու է եկել նոր քաղաքական գործիչը, զոհվել է մարտի 17-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ընթացքում։ Թեհրանը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունն անվանել է ահաբեկչություն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է «խստորեն վրեժխնդիր լինել» նրա սպանության պատասխանատուներից։
Sputnik Արմենիա
