Логотип

ՇԻԼԱՇՓՈԹ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՂՈՒՄ

Արարատ Միրզոյանը` ՀՀ ԱԳ նախարարը, այնպիսի զառանցանք դուրս տվեց ԱԺ-ում, որ անհնար է շրջանցել:

Հայտարարեց, թե խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև խորհրդարանում չներկայացված ընդդիմադիր ուժերը տարածքային նկրտումներ ունեն Հայաստանի գրեթե բոլոր հարևանների նկատմամբ, ուստի Փաշինյանը իրավացի է, երբ ասում է, որ եթե իր կուսակցությունը ընտրությունների արդյունքներով չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա շուտով պատերազմ կլինի։ Որպես հիմնավորում բերեց Հայաստանի ուրվագծի մանրակերտը գետնին շպրտած քաղաքացու օրինակը, որ վարչապետն այս օրերին բաժանում է բոլորին։ Շպրտեց ու ասաց, որ այդպիսի Հայաստան իրեն պետք չէ։ Այսինքն մեկ քաղաքացու դիրքորոշումը նախարարը վերագրում է ամբողջ ընդդիմադիր դաշտին…

ԼԱՎ, ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ՉԻ ԵՂԵԼ, ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐԸ ԲՈՒՌՆ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, Ի՜ՆՉ ԱՐԱԾ։ Բայց այ հետաքրքիր է. տարածքային ի՞նչ նկրտումներ կային հարևանների նկատմամբ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և այդ «նկրտումներից» որո՞նք հանգեցրին պատերազմի: Նախարարը ստում է։

Շարունակեց, թե իրենց կուսակցությունը խաղաղություն է առաջարկում, իսկ իրենց ընդդիմախոսները «զուգահեռ առաջարկ» ունեն, նրանք՝ այդ ընդդիմախոսները, ասում են, թե «այսպիսի Հայաստան մեզ պետք չի, թքած ունենք դրա վրա»։ Հետաքրքիր է, ո՞ր քաղաքական ուժից է գլխավոր դիվանագետը նման բան լսել։

Նախարարն ասում է, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է «խաղաղության կուսակցություն» ներկայանալու մեջ, և այդ մեղադրանքը ցույց է տալիս ընդդիմադիրների «քաղաքական անզորությունը»:

Սո՛ւտ։ Ձեզ մեղադրում են նրանում, որ ստում եք, երբ ասում եք, թե «խաղաղության կուսակցություն» եք: Ձեր իշխանության գալուց հետո Հայաստանը պարբերաբար ներքաշվել է զինված հակամարտությունների մեջ։ Դուք «խաղաղության կուսակցություն» չեք, դուք խաբում եք ընտրողին՝ նրա ձայնը ստանալու նպատակով, դուք պատերազմի կուսակցություն եք։ Մտումնավոր, թե ոչ, բայց դա այդպես է: Ձեր քաղաքականությունը մշտական հակամարտությունների ուղին է։ Ձեզ դրանում են մեղադրում:

Դուք ստում եք, երբ ասում եք, թե ձեր հակառակորդները «պատերազմի կուսակցություն» են: Իրականում հենց նրանց իշխանության գալն է, որ կարող է երկարաժամկետ և երաշխավորված խաղաղություն ապահովել Հայաստանի համար։

Նախարարին հարցնում են՝ ինչի՞ հիման վրա է անվանում ընդդիմախոսներին «պատերազմի կուսակցություն»։ Երկրի գլխավոր դիվանագետը չգտավ ավելի լավ փաստարկ, քան հայտարարել, թե դա իրենց թիմի «քաղաքական իրավունքն» է։ Երևի իրավացի է. ստելը նրանց իրավունքն է։ Հավելենք՝ և հավատամքը:

Այնուհետ սկսեց ցուցադրել, թե ինչ շիլաշփոթ է իր գլխում։ Սկսեց խխորհրդածել այն հարցի շուրջ, թե ինչում են իրենց մեղադրում։ Նրանում, որ ցավոտ կորուստների չե՞ն գնացել հարկ եղած պահին: Թե՞ չեն պատերազմել: Թե՞ պատերազմել են, բայց կորուստներ տվել։ Թե՞ որ չեն հանձնել առանց կորուստների:

Խեղճ մարդ։ Ո՞նց է ապրում հարցերի այդպիսի կույտը գլխում, որոնց պատասխանները չգիտի: Փորձենք բացատրել. մարդասիրությունից:

Ձեր թիմին մեղադրում են նրանում, որ 2018-ին գալով իշխանության՝ երկու տարի հինգ ամսում ձեր քաղաքականությամբ ու դիվանագիտությամբ հասցրեցիք իրավիճակը պատերազմի։ Պատերազմը վարեցիք նույնքան ապաշնորհ, որքան դիվանագիտությունը նախորդ տարիներին, ինչի արդյունքում կրեցիք չարդարացված մեծ կորուստներ։ Ձեզ մեղադրում են նրանում, որ ժամանակին չդադարեցրեցիք պատերազմը, երբ դա առաջարկել էին ձեզ ավելի լավ պայմաններով։ Ձեզ մեղադրում են նրանում, որ 44-օրյա պատերազմի ավարտից երկու տարի անց հրաժարվեցիք այն իրավունքներից, որտալիս էր ձեզ Եռակողմ հայտարարությունը, փաստացի տապալեցիք այն, ինչի արդյունքում արձակեցիք Բաքվի ձեռքերը Արցախի էթնիկ զտման համար։

Հույս փայփայենք, որ նախարարի ուղեղում տիրող շիլաշփոթն ավելի կարգավորված տեսք կստանա։