Логотип

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ԵԹԵ ՄԵՆՔ ԱՆԼՐՋՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՆՔ, ՄԵՐ ԸՆՏՐՈՂԻՆ ԿԿՈՐՑՆԵՆՔ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գիտակցված ձևով փորձում են այս պրոցեսն ամբողջությամբ անլրջացնել։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 3-րդ էպիզոդում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցին, որ իշխանություններն ամենատարբեր ճաշեր ուտելով, տարբեր թեմաներով փորձում են շեղել քաղաքացիներին հիմնական խնդիրներից, ինչո՞ւ է դա արվում և իրենց գործողություններն այս դեպքում որո՞նք են լինելու.

«Ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսել, ճակատագրական պահ է գալիս երկրի համար և ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին քվեարկեն։ Եվ այն, ինչ ես տեսնում եմ, դա կարծես՝ գիտակցված փորձում են այս պրոցեսն ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը ևս ինձ համար հասկանալի է, որովհետև լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն։ Եվ մեկ-մեկ քայլերը աբսուրդային բաների են բերում, բայց դուք հիշեցրեցիք, որ ով որ լավաշ, կարտոֆիլ է ուտում, քանի որ մենք էլ ենք ուտում, ուրեմն մեզ պետք է քվեարկեն, իսկ Հայաստանում ո՞վ չի ուտում կարտոֆիլ։ Կարտոֆիլը Հայաստանում սննդային ամբողջ փաթեթի մի լուրջ մասն է կազմում, ներկայացվել է այնպես, որ ոնց որ պարզ ժողովուրդն է էլի միայն կարտոֆիլ ուտող։ Եվրոպայի հյուսիսը ամենից հարուստն է եվրոպական երկրների մեջ, կրկնակի ավելի են կարտոֆիլ ուտում Եվրոպայի հյուսիսում, քան՝ հարավում: Սառը երկրների ուտելիքի մեջ կարտոֆիլը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, որովհետև կալորիաները ավելի շատ են: Բայց մարդկանց կարծես հիմարի տեղ դնեն էլի»։

Անդրադառնալով նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն դիտարկմանը, որ գուցե ինչ–որ հաշվարկների հիման վրա է արվում այս քայլերն ու իրենք էլ երբ լուրջ հարցեր են քննարկում, հնարավո՞ր է, որ իրենք անմրցունակ դառնան այս պայմաններում, երկրորդ նախագահն ասաց.

«Կարծում եք, որ Հայաստանում այլևս ընտրող չկա՞, որը լրջություն է փնտրում։ Միանշանակ, ես այդպես չեմ մտածում։ Մենք անլրջություն ցուցաբերենք, մենք մեր ընտրողին կկորցնենք ըստ էության, խոսքը գնում է հետևյալ մասին, դու սեփական ժողովրդիդ հարգո՞ւմ ես, թե՞ չես հարգում, դու ընտրությունները կրկեսի ես վերածում, թե լուրջ ես վերաբերում։ Իրականում այն, ինչ ես տեսնում եմ, նույնիսկ արդեն կրկեսի վերածել չի, արդեն կոպիտ ասած՝ դուրդոմի վերածել է, գժանոցի։ Այ, մոտավորապես մենք այդ այդ վիճակին ենք հասնում։ Եվ խոսքը նրա մասին չի, որ ինչ-որ մեկը մի բան է ուտում կամ մյուսն է օտում, խոսքը նրա մասին է, թե ում դու դիմում ես, իսկ դա արվում է ընտրողի համար, դու իրեն հարգում ես, թե՝ ոչ, դու իրեն «Օպել» քշող համբալի տեղ ես դնում, կամ դու իրեն դնում ես մարդու տեղ, ով չգիտի թե 10 հազար դրամը ո՞նց ծախսի, եթե այդպես ես համարում, ուրեմն ճիշտ, ճիշտ անում ենք։ Ես չեմ համարում, որ դա այդպես է։ Ես կարծում եմ, որ ժողովրդի մի զգալի հատված, այո, վերջապես կգնահատի, թե ինչ է կատարվում։ Նաև մենք այս դեպքում պետք է կարողանանք այդքանը բացատրենք մարդկանց, որ դա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին ձեր նկատմամբ, մաքսիմալ անլրջացնել պրոցեսը, որ լուրջ քաղաքական դիսկուրսի համար տեղ չմնա, որ մարդիկ սկսեն կրկնօրինակել, օրինակ, որ մյուս քաղաքական ուժերը ասեն՝ այ մի գուցե ճիշտ է սա է, հա, մի գուցե սրանով է կարելի ինչ-որ ձայներ բերել, բայց դա կբերի նրան, որ մենք մտնելու ենք անլրջության դաշտ։ Ես մի անգամ ասել եմ վերջերս, որ կապիկություններ անելու ցանկություն չունեմ և կապիկություններ անելը ընտրական գործընթացներում առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է քո ժողովրդի նկատմամբ, քո երկրի նկատմամբ։ Չի կարելի, սա ուղղակի, ուղղակի անընդունելի է, մենք պետք է ուղղակի ցույց տանք այս ամենը»։

Աննա Գրիգորյանը մանրամասնեց, թե վերջին շրջանում ինչ դեպքեր են «ստվերվել» իշխանությունների շոուի շնորհիվ. «Եթե նայում ենք վերջին շաբաթվա լրահոսը, հասկանում ենք, որ օրինակ՝ ավելի շատ քննարկվել է Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների այս շոուները, քան օրինակ՝ այն հարցը, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ չեն տվել գնալ Վրաստան՝ Պատրիարքի հուղարկավորությանը, ինչը աննախադեպ խայտառակություն է։ Ստվերվեց այս օրակարգը, կամ այն օրակարգը, որ օրինակ՝ Ալիևը հայտարարեց, որ մեր օդային տարածքը կարողանում է օգտագործել ու դրա համար նույնիսկ Հայաստանից թույլտվություն էլ չի հարցնում, այս սա էլ առանձնապես չքննարկվեց, որովհետև էլի կարտոֆիլ, կուկուռուս, մետրոյում խայտառակ տեսարաններ, ու այսպես մի քանի հարցեր կային, կամ նույն Սահմանադրության փոփոխության հարցը. վերջերս լրագրողներից Լիա Սարգսյանը հրապարակեց նախնական տեքստը, որտեղ բացակայում էր նախաբանը և հետևաբար հղումը Անկախության հռչակագրին, այսինքն՝ ֆունդամենտալ հարց է, չէ՞, բայց դա ևս ստվերվում է, ինչքան էլ մենք խոսենք, միևնույն է այդ շոուները դառնում են գերակշիռ, ցավոք սրտի»։

Երկրորդ նախագահն էլ արձագանքեց, որ կարծես՝ ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը. «Եվ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ի՞նչ կարգի կոնտենտի վրա։ Եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած՝ էշի պես հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնների կհասնիէ, հիմա եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել թող հավաքի, բայց ես իրենց հասկանում եմ. ի՞նչ պիտի ասեն, օրինակ՝ լուրջ դիսկուրսի ժամանակ ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը ինչու հանձնեցին, ինչու այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին, 5000 զոհի պատասխանն ով պիտի տա և բազմաթիվ այլ հարցեր, մի պարզ հաշվարկ օրինակ՝ սրա պատասխանը ո՞նց պիտի տան։

Իրենք պարզ ժողովրդի պես կարտոֆիլ ուտող են, բայց միայն նախարարի Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ։ Այդ նախարարը օրական տարին կարող է ուտել ավելի քան 100 կիլոգրամ կարտոֆիլ։ Եթե ժողովուրդը պատրաստ է այդ կուտը ուտել, ուրեմն մենք պրոբլեմ ունենք. պետականությունը պահելու բավարար ռեսուրս ներքին չունենք։ Եվ սա անում են այն մարդիկ, ովքեր ամեն օր խոսում են ինքնիշխանության մասին։ Ինքնիշխանությունը նշանակում է որոշակի դիմադրողականություն»։

News.am