Логотип

Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ կարող է սկսվել իշխանությունների հրահանգով

Իշխանությունների հրահանգով իրավապահները հնարավոր է քրեական վարույթ սկսեն «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դեմ, գրել է «Հրապարակը»։

Ըստ պարբերականի՝ Քննչական կոմիտեում վերաբացվել է քրեական վարույթ, որը վերաբերում է 2018 թվականի ընտրությունների ժամանակ «Ծառուկյան դաշինքի» կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» և «Ալյանս» կուսակցությունների միջև պետական ֆինանսավորման ոչ համաչափ բաշխմանը։

«Ալյանսի» նախագահ, հետախուզման մեջ գտնվող Տիգրան Ուրիխանյանը թերթին հայտնել է, որ այս օրերին կուսակցության գլխավոր քարտուղարի հետ է կապվել ՔԿ-ի քննիչը և հայտնել, որ շուրջ 2 տարի առաջ կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից տրված դիմումի համաձայն` պետական ֆինանսավորումը համաչափորեն չբաշխելու վերաբերյալ քրեական գործը վերաբացվել է։

Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2020 թվականի հունիսին, երբ Ազգային ժողովը բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը և զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Մեղադրանքը վերաբերում էր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրողներին կաշառք տալուն։

Հակակոռուպցիոն դատարանը մարտի 11-ին՝ 6 տարի անց, այդ գործով արդարացրել էր գործարարին:

Armenia Today