Մարտի 25-ին Հայաստանի առողջարանային Ջերմուկ քաղաքում անցկացվում է «Ջերմուկ – 2026» անվտանգության հարցերով միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը: Համաժողովի կազմակերպիչները նախատեսել են հագեցած ծրագիր, որը ներառում է լիագումար և պանելային քննարկումներ, սոցիոլոգիական տվյալների ներկայացում և համագործակցության հուշագրերի ստորագրում:
Ողջույնի խոսքով հանդես կգա «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախուզության գնդապետ, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Ավանեսյանը: Այնուհետև մասնակիցներին կդիմի կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը: Դրանից հետո սպասվում է գլխավոր զեկուցողի՝ ֆրանսիացի քաղաքագետ և գրող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էմերիկ Շոպրադի ելույթը:
Ծրագրի առանձին բաժին է նվիրված սոցիոլոգիական հարցումների արդյունքների ներկայացմանը, որոնց տվյալները հիմք կհանդիսանան հետագա քննարկումների համար:
Համաժողովի շրջանակում կանցկացվեն երկու պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կքննարկեն արդի քաղաքական և հասարակական հարցեր, այդ թվում՝ «Facebook» սոցիալական ցանցի միջոցով լսարանի կողմից հարցեր ուղղելու հնարավորությամբ:
Նախատեսված է համագործակցության հուշագրերի ստորագրում: Փաստաթղթերը կստորագրվեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի, անվտանգության ոլորտի հույն փորձագետ Էֆտիմիս Տուրտիդիսի և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի ամերիկացի փորձագետ Պիտեր վան դեր Լինդենի միջև: Դրանից հետո տեղի կունենա հարցազրույցների շարք և եռակողմ քննարկում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանի մոդերատորությամբ:
News.am
